Բրիտանացուն շփոթել են Երկրորդ համաշխարհայինի վետերանի հետ և արժանացրել պաշտոնական ընդունելության

17:31 • 08.05.12

Ուելսի մայրաքաղաք Կարդիֆի բնակիչներ Դեվիդ Ուիլսոնը կնոջ հետ հայտնվել է նորվեգական ամսագրերից մեկի շապիկին մի զավեշտալի դեպքի պատճառով: Նորվեգական Տրոմսո քաղաքի պատմական թանգարան ժամանելուց հետո նրանք տարօրինակ անակնկալի են եկել: Նրանց դիմավորել են քաղաքապետը, քաղաքային խորհրդի նախագահն, մի շարք այլ պաշտոնյաներ, բազմաթիվ վետերաններ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Պատճառն այն է, որ Ուիլսոնին շփոթել են Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս Փեդի Ջինգլսի հետ, ով 1944թ.-ին ֆաշիստական ռազմանավ է պայթեցրել Նորվեգիայի ափերի մոտ:

 

Խառնաշփոթը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ուիլսոնը զանգահարել է Տրոմսո քաղաքի թանգարան և ասել, որ ինքը Ջինգլսի հեռավոր բարեկամն է և վերջինիս պատերազմական սխրագործություններին ծանոթանալու նպատակով ցանկանում է թանգարան այցելել: Ըստ ամենայնի հեռախոսային խոսակցության ընթացքում թանգարանի աշխատակիցը սխալ է հասկացել Ուիլսոնին`կարծելով, թե անձամբ Ջինգլսի հետ է զրուցում:

 

«Քաղաքի իշխանությունները, չիմանալով, որ Ջինգլսը մահացել է 20 տարի առաջ, շփոթել են ինձ նրա հետ և պաշտոնական ընդունելության արժանցրել: Սկզբում այդ իրավիճակը բավական շփոթեցնող էր, սակայն երբ ես հավաքվածներին բացատրեցի իրողությունը նրանք շատ հանգիստ վերաբերվեցին այդ ամենին և պարզապես ծիծաղեցին»,- նշել է Ուիլսոնը: