ՀՀ ոստիկանությունը անհիմն է որակում «Ժառանգության» նախնական գնահատականը

19:33 • 08.05.12

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբի նախնական գնահատականը, որտեղ, մասնավորապես, ասվում է, որ մեծ է եղել մարզերից զանգվածաբար բերված ընտրողների ժամանակավոր գրանցումը երևանյան բնակարանների հասցեներում:

 

Ըստ «Ժառանգության» գնահատականի, ոստիկանության անձնագրային բաժանմունքների մշտական և ժամանակավոր ցուցակների հետ իրականացված «մանիպուլյացիաներն» ընտրողներին հնարավորություն են տվել կրկնակի մասնակցել ընտրությանը:

ՀՀ ոստիկանությունը անհիմն է որակում տարածված տեղեկատվությունը՝ ներկայացնելով հետևյալ պարզաբանումը.

«Բնակիչների հաշվառումները ոստիկանությունն իրականացրել է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ սահմանված կարգով: Հիշյալ իրավական ակտերը բնակիչներին «ժամանակավոր գրանցման» իրավունք չեն վերապահում:

 

Թե մշտական, թե լրացուցիչ ցուցակները կազմավորվել են ՀՀ ընտրական օրենսգրքի տառին համապատասխան: Բոլոր ընտրողները ներառված են եղել ընտրողների միայն մեկ ցուցակում և միայն մեկ անգամ: Ընդ որում, ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ ցուցակները քվեարկության օրվանից երկու օր առաջ հրապարակվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ՀՀ ոստիկանության համացանցային կայքերում` համապատասխանաբար որոնման և ներբեռնման հնարավորություններով:

 

Քվեարկության օրը ստացվել է ընտրացուցակների անճշտության վերաբերյալ ընդամենը մեկ հավաստի հաղորդում, որը չի վերաբերվել միևնույն անձի` տարբեր ցուցակներում միաժամանակյա ընդգրկված լինելուն:

 

ՀՀ ոստիկանությունը, հավատարիմ ցանկացած ահազանգի արագ և օպերատիվ արձագանքելու իր գործելաոճին՝ «Ժառանգության» կուսակցությանը կոչ է անում տրամադրել ընտրացուցակների վարման խախտումների վերաբերյալ թեկուզ մեկ փաստ, եթե դրան, իհարկե, տիրապետում է»,-ասված է ՀՀ ոստիկանության պարզաբանման մեջ: