ԲՀԿ-ն ավելի արմատական ընդդիմություն էր, քան ՀԱԿ-ը. քաղաքագետ

12:54 • 08.05.12

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների ընտրարշավի ժամանակ ավելի արմատական ընդդիմություն էր, քան իրեն այդպիսին համարող «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը:

 

Քաղաքագետը նաև կարծում է, որ ԲՀԿ-ն իր ընդդիմադիր կեցվածքը կշարունակի դրսևորել Հայաստանի հանրապետական կուսակցության հանդեպ:

«ԲՀԿ-ն ավելի արմատական ընդդիմություն էր, քան ՀԱԿ-ը: ԲՀԿ-ն
ավելի ուժեղ էր սպառնում ՀՀԿ-ին, քան ՀԱԿ-ը: Հնարավոր է, որ ԲՀԿ-ն դառնա ՀՀԿ-ի հանդեպ ընդդիմադիր, չնայած, հիմա էլ է այդպիսին»,- ասաց նա:

 

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի` կոալիցիա կազմելուն, քաղաքագետը կարծում է, որ ի տարբերություն շատերի, ովքեր սպասում են, թե կկազմվի՞, արդյոք, ԲՀԿ- ՀՀԿ կոալիցիա, իրեն այլ հարց է հետաքրքրում.

 

«Ինձ համար հարցն ուրիշ է` կառաջարկի՞ ԲՀԿ-ն մտնել կոալիցիա, սա ինձ համար ամենահետաքրքիր հարցն է»,- նշեց Իսկանդարյանը: Ըստ նրա, այս մասին պարզ կլինի մի քանի օրից կամ գուցե ավելի ուշ:

Քաղաքագետը սակայն վստահ է, որ կոալիցիա կկազմի, անգամ մեկից ավել, սակայն ինչ ուժեր կձևավորեն այն, դեռ պարզ չէ:

 
«Կոալիցիա, անպայման, կլինի, անկախ նրանից, որ ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմել: Թե ինչպիսին կլինի, ցույց կտա ժամանակը»,– ավելացրեց:

Իսկ ինչ վերաբերում է «Օրինաց երկիր» կուսակցությանը, ապա Իսկանդարյանն ասաց՝ այն հաստատապես կլինի ՀՀԿ-ի հետ կոալիցիայում: