Սաակաշվիլիին կարգելե՞ն մտնել Եվրամիություն և ՆԱՏՕ

13:48 • 08.05.12

Բելգիայում դատական գործընթաց է պատրաստվում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ, որով կարող է արգելվել նրա մուտքը թագավորության տարածք, այդ թվում, Բրյուսելում գտնվող Եվրամիության ինստիտուտներ ու ՆԱՏՕ-ի շտաբ- բնակարան: Այս մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է գործընթացի նախաձեռնող, Վրաստանից արտաքսված իրավապաշտպան ու վրացական անկախ «Օբյեկտիվ» մեդիա- միության ներկայացուցիչ Մերաբ Բլադաձեն:

 

«Մենք մեղադրում ենք Վրաստանի գործող նախագահին մարդկության դեմ հանցագործությունների, 2007թ.-ի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու, 2008-ին Ռուսաստանի հետ պատերազմ սանձազերծելու, ընդդիմությանը պարբերաբար բռնաճնշումների ենթարկելու մեջ»,- ասել է նա:

 

Բլադաձեի խոսքով` Վրաստանում այժմ 93 քաղբանտարկյալ կա:

 

«Իսկ առավել քիչ թվով քաղբանտարկյալ ունենալու համար Եվրամիությունն արդեն 7 տարի «սև ցուցակում» է պահում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Քանի որ պաշտոնական Բրյուսելը հետևողական չէ իր արարքներում, ապա մենք դրան կհասնենք դատարանի միջոցով»,- ասել է նա:


Ըստ իրավապաշտպանի` դատական գործընթացը կարող է սկսվել արդեն այս ամսվա ընթացքում, դրա համար արդեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստ են:


Բելգիական դատարանն օժտված է համընդհանուր իրավասության բացառիկ իրավունքով, որի մասին օրենքն ընդունվել է 1993թ.-ին: Դա թույլ է տալիս քրեական գործեր հարուցել աշխարհի տարբեր երկրների քաղաքացիների նկատմամբ: