Ռիկ Սանտորումը պաշտոնապես իր աջակցությունն է հայտնել Ռոմնիին
ԱՄՆ Հանրապետական կուսակցության փրայմերիզի նախկին մասնակից Ռիկ Սանտորումը պաշտոնապես իր աջակությունն է հայտնել նախագահի թեկնածության հավակնորդ Միթ Ռոմնիին, հայտնում է Reuters-ը:
Էլեկտրոնային նամակում Սանտորումն իր կողմնակիցներին հայտնել է, որ չնայած Ռոմնիի հետ ունեցած մի շարք տարաձայնություններին, մի հարցում համակարծիք է իր կուսակցի հետ` Բարաք Օբաման պետք է պարտություն կրի աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում:
Նա նաև հայտնել է, որ Ռոմնին քաջատեղյակ է երկրի առջև ծառացած տնտեսական մարտահրավերների մասին:
Ընթացիկ նախագահական մրցապայքարում Ռիկ Սանտորումը երկար ժամանակ համարվում էր Ռոմնիի գլխավոր մրցակիցը` Հանրապետական կուսակցությունից նախագահի միասնական թեկնածու դառնալու համար պայքարում: Սակայն ապրիլի սկզբին նա դադարեցրեց ընտրարշավը դստեր հիվանդության պատճառով, իսկ ապրիլի 10-ին պաշտոնապես հայտարարեց պայքարը դադարեցնելու մասին:
Ներկայում Ռոմնիից բացի, նախագահի հանրապետական թեկնածուի կոչման համար պայքարում է Տեխաս նահանգից կոնգրեսական Ռոն Փոլը: Սակայն վերլուծաբանները նրա հաղթելու շանսերը շատ ցածր են գնահատում, սակայն Փոլը հայտարարել է, որ չի պատրաստվում դուրս գալ մրցապայքարից:
Նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում դեմոկրատ Բարաք Օբամայի հանրապետական մրցակիցը կորոշվի Հանրապետական կուսակցության օգոստոսի վերջին կայանալիք համագումարում:









