Հայ ազգային կոնգրեսը դիմելու է Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքերը չեղյալ համարելու պահանջով

20:18 • 08.05.12

«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը դիմելու է ՀՀ սահմանադրական դատարան՝ մայիսի 6-ին Հայատսանում տեղի ունեցած ընտրությունները անվավեր ճանաչելու համար: Այս մասին այսօր հայտարարեց «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը՝ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ:


«Մենք դեռ չենք պատրաստել իրավական փաստաթուղթը, սակայն որոշում է կայացվել դիմելու Սահմանադրական դատարան, որպեսզի անվավեր ճանաչվեն մայիսի 6-ին Հայաստանում կայացած ընտրությունները՝ հետևյալ պատճառաբանություններով:


1. Սերժ Սարգսյանի, վարչապետի, գյուղապետերի և այլ պաշտոնյաների՝ քարոզարշավին մասնակցելը, որը սահմանադրությամբ արգելվում է:


2. Ընտրական ցուցակների ուռճացված լինելը:


3. «Կնիքների հօդս ցնդելը, որ մենք այդքան ժամանակ պայքարեցինք, որ կնքվեն անձնագրերը, ու ստացվեց, որ կնքվում են, սակայն 12 ժամ մնալու փոխարեն մի քանի րոպեից ցնդում էին»,-ասաց Արամ Մանուկյանը:


Հայ ազգային կոնգրեսի համակարգող և դաշինքի նախընտրական շտաբի պետ Լևոն Զուրաբյանն էլ իր ելույթի ժամանակ նշեց,որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները անց են կացվել մասսայական ընտրախախտումներով:


«Այսուհետև համախմբելով հայ ժողովրդի ազնիվ մարդկանց՝ Հայ ազգային կոնգրեսի դրոշի տակ պատերազմ է հայտարարվել հանցագործ իշխանություններին: Մենք պետք է նրանց դեմ կռվենք բոլոր ճակատներում, փողոցներում և խորհրդարանում»,- Կոնգրեսի հանրահավաքի ժամանակ հայտարարեց Լևոն Զուրաբյանը:


Ըստ Լևոն Զուրաբյանի՝ եթե գործող իշխանությունները մնան իշխանության, ազգի սերուցքը լքելու է Հայաստանը: Իր ելույթի վերջում Լևոն Զուրաբյանը կոչ արեց հանրահավաքի մասնակիցներին, որ տոնեն իրենց տարած փոքրիկ հաղթանակը և ընթանան դեպի նոր հաղթանակներ. «Հաղթանա՛կ, հաղթանա՛կ…»,- իր ելույթի վերջում կոչ արեց Լևոն Զուրաբյանը:


Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարնական ընտություններ, որի ժամանակ Հայ ազգային կոնգես ընդդիմադիր դաշինքը ստացավ ընտրողների 7 տոկոսը, և առաջիկա ՝ 5-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված կլինի 7 պատգամավորով:


Նշենք նաև, որ ընտրություններից հետո այսօրվա հանրահավաքը առաջինն է. մինչ ընտրությունները ՀԱԿ-ը հանրահավաք էր կազմակերպել մայիսի 3-ին: