Ժիրայր Սեֆիլյանին չեն հրավիրել Շուշիի ազատագրման 20-ամյակի տոնակատարություններին
«Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար, «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը չի մասնակցի Արցախում մայիսի 9-ին Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված տոնական հանդիսություններին:
«Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ինձ չեն հրավիրել: Ես կարծում եմ, որ նրանք շատ լավ գիտակցում են այն հանգամանքը, որ ես և իմ նմանները պատրաստ չենք տոնակատարությունների մասնակցել, երբ մեր երկրում ապրող ժողովրդի զգալի մեծամասնությունն աղքատ վիճակում է: Ես համարում եմ, որ այս օրերին այդպիսի շռայլություններ կատարել՝ տոնական նպատակներով, մեղմ ասած, անբարոյականություն է: Դա նման է ժանտախտի օրոք խրախճանքի»,- Tert.am-ի հետ զրուցում ասաց արցախյան ազատամարտի հերոսը:
Ժիրայր Սեֆիլյանը նաև հստակեցրեց, որ ինքը ոչ թե տոնի արժեքն է թերագնահատում, այլ դրա ցուցադրական նշումը. «Այսօր, բարեբախտաբար, կան բազմաթիվ մարդիկ, որոնք գիտակցում են այդ տոնի մեծ նշանակությունը, սակայն իրենք չեն պատրաստվում ցուցադրաբար տոնական տրամադրություններ արտահայտել»:
Ժիրայր Սեֆիլյանը չի կարծում, որ Արցախյան պատերազմի մասնակիցները բաժանվել են առանձին ճամբարների. «Ճիշտ չի լինի ասել, որ պատերազմի մասնակիցները տարբեր ճամբարներում են: Այո, մասնակիցների մի մասը, ոչ մեծ մասը, չդիմացավ նյութապաշտական գայթակղությանը և գերի դարձավ այս նյութապաշտական համակարգին, բայց այդ մարդկանց մենք որպես թշնամիներ չենք դիտում, մեր այս՝ կեղեքող համակարգի պատասխանատուները, ընդամենը, մի քանի տասնյակ մարդիկ են»,- նշեց Սեֆիլյանը:
Շուշիի ազատագրման մասնակիցը անդրադառնալով ազատամարտիկների խնդիրներին՝ ասելով, որ պատերազմի մասնակիցներից և ոչ ոք անձնական նպատակների համար չէ որ գնաց պատերազմ, այլ գնացին իրենց երազած պետության համար:
«Բնականաբար, այդ մարդիկ համարում են, որ իրենց աշխատանքը կիսատ է մնացել: Եթե 20 տարի առաջ մեր ժողովրդի գլխավոր խնդիրը Շուշիի ազատագրումն էր, ապա այսօր, կարծում եմ, գլխավոր օրակարգը պետք է լինի, հայկական պետականության ստեղծման գաղափարի շուրջ մեր ժողովրդի սերուցքի համախմբումը»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը և համոզմունք հայտնեց, որ այդ գիտակցությունը օր օրի մեծանում է:
«Շատը գնացել ենք, քիչն է մնացել: Գնալով այդ գիտակցությունը գերիշխելու է, ես լավատես եմ, ու հենց որ գերիշխեց, վերջապես, հայերիս խաչն ուղղվելու է, ազատվելու ենք կեղեքող համակարգից»,- ասաց արցախյան ազատամարտի հերոսը:
Ժիրայր Սեֆիլյանը մատնացույց է անում Շուշիի ներկայիս վիճակը. «Եթե մեր ազատագրած քաղաքով պտտվեք, կտեսնեք, որ մեր քաղաքը չի շնչում, տակավին շարունակում է մնալ ուրվականների քաղաք, բնակչության թիվը, ըստ էության, չի ավելացել 94 թ-ից այս կողմ: Սա ողբերգություն է, 20 տարի է անցել, բայց մեր երազած քաղաքի վերաբնակեցումը մենք չենք կարողանում իրականացնել»,- նկատեց Սեֆիլյանը և հաղթանակած Շուշիի պատկերը համեմատեց ազգի ներկայիս վիճակին:
Խոսելով հաղթանակի կարևորության մասին, Ժ. Սեֆիլյանը ներկայացրեց այդ օրերին մարդկանց միախմբվածությունը , որն էլ պատերազմում դարձավ մեր հաջողության գրավականը:
«Շուշիի ազատագրումն ուղիղ կապ ուներ Արցախի մեր ժողովրդի լինել- չլինելու հետ: 1992 թ-ին մինչև մայիս, Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ կղզյակի էր վերածվել, չուներ Հայաստանի հետ ցամաքային սահման: Շուշիի ազատագրմամբ ոչ միայն Ստեփանակերտին ուղղված կրակակետերը ոչնչացվեցին, այլև հենց այդ հաղթանակով ճանապարհ բացվեց դեպի Հայաստան»,- ասաց «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատարը և հիշեցրեց, որ այդ տարիներին ԼՂՀ-ն սնվում էր մի քանի փոքրիկ ինքնաթիռների կամ ուղղաթիռների մատակարարումով:
«Կենցաղային պայմանները շատ սուղ էին: Տրանսպորտային պայմանները, հատկապես, ջոկատների զգալիս մասի տեղափոխումը, կատարվում էր ոչ դասական տրանսպորտի միջոցով, մեծ մասամբ՝ ոտքով: Այդ սուղ պայմաններում հայերը հաջողության հասան: Ուստի, ներկայումս մեր երկրում տիրող հուսահատական վիճակը, չի կարող այսպես շարունակվել: Իմ հորդորը և կոչը նոր սերնդին այն է, որ մենք ունենք այդ ուժը, բոլորի գիտակցությունը պետք է վերակենդանանա և դրանից հետո ամեն ինչ իր տեղը կընկնի»,- եզրափակեց «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար, արցախյան ազատամարտի հերոս Ժիրայր Սեֆիլյանը:
Նա նաև նշեց, որ Շուշին ազատագրվեց ոչ թե մայիսի 9-ին, այլ 8-ին, իսկ հարցին՝ թե ինչո՞ւ են տոնում հենց ամսի 9-ին, գումարտակի հրամանատարը պատասխանեց. «Դա երկար պատմություն է, թող մնա հաջորդ անգամ»:









