92-ամյա ամերիկուհին ինքնասպանների համար նախատեսված իրեր է վաճառել
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի 92-ամյա բնակչուհին երկուշաբթի դատապարտվել է 5 տարվա պայմանական ազատազրկման` ինքնասպանների համար նախատեսված իրեր վաճառելու համար, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը: Ուշագրավ է, որ նման պատժի նա արժանացել է ոչ թե անբարո գործունեության, այլ հարկային օրենսդրությունը խախտելու համար:
Դատախազության տվյալների համաձայն` մասնագիտությամբ մանկավարժ Շառլոտա Հայդորնն ԱՄՆ և այլ երկրների «հաճախորդներին» վաճառել է հելիում գազ շնչելու համար նախատեսված խողովակ, հատուկ պլաստիկե փաթեթ և «օգտվողների» համար անհրաժեշտ հրահանգներ: Սակայն իներտ գազը «հաճախորդը» պետք է ձեռք բերեր այլ վայրից:
Հայդորնը խոստովանել է, որ անձամբ է փաթեթները հավաքել ու վաճառել դրանք 40-60 դոլարով` առավել հաճախ պատվերներ ստանալով հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով:
2007թ.-ից մինչ այսօր, հարկերից խուսափելու շնորհիվ, նա վաստակել է ավելի քան 150 հազ դոլար: Դատարանը նաև «ձեռնարկատիրուհուն» արգելել է զբաղվել նման գործունեությամբ:









