ԵՄ-Ուկրաինա լարվածությունն աճում է. չեղյալ է հայտարարվել Յալթայի գագաթնաժողովը

16:04 • 08.05.12

Ուկրաինայի Յալթա քաղաքում նախատեսված Կենտրոնական Եվրոպայի երկրների ղեկավարների գագաթնաժողովը չի կայանա` եվրոպական մի շարք երկրների առաջորդների` մասնակցությունից հրաժարվելու պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությանը:

 

Եվրոպացի մի խումբ առաջնորդներ, այդ թվում` Գերմանիայի, Չեխիայի, Էստոնիայի նախագահները, ավելի վաղ տեղեկացրել էին Կիևին, որ չեն մասնակցելու գագաթնաժողովին` ազատազրկման դատապարտված Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հետ կապված վերջին դեպքերի պատճառով: Օրեր առաջ, Տիմոշենկոյին բանտից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին բանտի աշխատակիցները ծեծի էին ենթարկել նրան, ինչի պատճառով կինը կորցրել էր գիտակցությունը:

 

Իր հերթին, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ չի այցելի Ուկրաինա Եվրո-2012-ի խաղերի ժամանակ, եթե երկրում արագորեն չկարգավորվի մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը: