Փուչիկների պայթյունից տուժած դեռ 75 մարդ կա հիվանդանոցներում, որոնցից 15–ը՝ վերակենդանացման բաժնում
Մայիսի 4-ի ՀՀԿ հանրահավաքին կազմակերպված համերգին գազով լի փուչիկների պայթյունից տուժածների թիվը հիվանդանոցներում 75-ն է, այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը:
«Նրանցից 15-ը դեռ վերակենդանացման բաժնում են: Բոլորի վիճակը կայուն է, և որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Իսկ նրանք ովքեր դուրս են գրվել, բայց դեռ ունեն խորհրդատվության կարիք, շարունակում են մնալ բժիշկների վերահսկողության տակ»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք պատշաճ աշխատանք իրականացվելու է դեպքի պատճառով տուժածների սպիները վերացնելու ուղղությամբ, նա պատասխանեց. «Արվում է ամեն ինչ որկայալ բուժօգնություն ցույց տալու համար: Սակայն պլաստիկ վիրահատությունը կիրականացվի 2-րդ և 3-րդ էտապով, պետպատվերի շրջանակում»:
Անդրադառնալով այն բանին, որ նախապես հայտարարվել էր, որ անհրաժեշտության դեպքում արտասահմանից մասնագետներ կբերվեն, նշեց, որ խոսքը առաջին բուժօգնության մասին էր, ինչը հայ բժիշկները, նրա խոսքով, պատվով կատարեցին։
Շուշան Հունանյանը նշեց, որ դեպքից բոլոր տուժածներին, նրանց ընտանիքներին և դրա կարիքը ունեցողներին անվճար հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել, ինչը շարունակվում է մինչ օրս:
«Հենց այդ օրերին ՀՀ առողջապահության նախարարությունը և Հայաստանի հոգեբուժական ասոցիացիան համատեղ հայտարարությամբ հանդես եկան և ցանկություն հայտնեցին հոգեբանական օգնություն ցուցաբերել: Արդեն հոգեբանական աջակցություն է ստացել 124 մարդ»,- ասաց նա և ավելացրեց, որ մասնագետները պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում նաև շրջել հիվանդների տներով և շարունակել աշխատանքը:









