50 ընտրական տեղամասերում կիրականացվի ձայների վերահաշվարկ
Հայաստանում, մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերահաշվարկ իրականացնելու մասին դիմումներ են ստացվել ՝ համամասնական ընտրակարգով 17 ընտրական տեղամասերի և մեծամասնական ընտրակարգով՝ 33 ընտրական տեղամասերի վերաբերյալ: Ընդհանուր առմամբ, վերահաշվարկ կիրականացվի 50 ընտրական տեղամասերում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Ութ ընտրական տեղմասերում վերահաշվարկ իրականացնելու նպատակով դիմել է «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը, 5 ընտրական տեղամասերում վերահաշվարկի դիմում են ներկայացրել «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչները, 1 ընտրական տեղամասի համար՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և 3 ընտրատեղամասի համար՝ «Ժառանգություն» կուսակցությունը:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն անդրադարձավ նաև ընտրություններին ընտրողների աննախադեպ ակտիվ մասնակցությանն ու նշեց, որ, այնուհանդերձ, մարզերում 100%-անոց մասնակցություն չի գրանցվել:
«Ամբողջ հանրապետությունում առկա չէ մի մարզ, որտեղ եղել է 100%-անոց մասնակցություն, իսկ ամբողջական մասնակցություն եղել է միայն քրեակատարողական հիմնարկներում, այլ տեղերում նման մասնակցություն չի գրանցվել»,- ասաց ԿԸՀ նախագահը:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, ինչի արդյունքում 6 քաղաքական ուժեր` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Օրինաց երկիր», «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները և «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը, կհայտնվեն ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովում:
Նշենք նաև, որ ընտրությունների արդյունքում կկազմավորվի նաև ՀՀ կառավարությունը:









