Ոստիկանությունը բացահայտել է դատարանի աշխատակցի սպանությունը. հեղինակը ռեստորանային երգիչ է (լուսանկարներ, տեսանյութեր)
Այսօր՝ մայիսի 9-ին Ոստիկանությունը բացահայտել է երեկ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակցի՝ Աշտարակ քաղաքի բնակիչ 37-ամյա Արամ Հովակիմյանի սպանությունը։ Ինչպես Աշտարակից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 4-ի սահմաններում Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արագածոտնի մարզային վարչության, Ոստիկանության Աշտարակի բաժնի և Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի քննչական բաժնի աշխատակիցների օպերատիվ տվյալների և բացատրական աշխատանքների արդյունքում Ոստիկանություն է ներկայացել Աշտարակ քաղաքի բնակիչ 39-ամյա Ռուբեն Հակոբյանը։
Գ. Շամշյանը հայտնում է, որ Ռ. Հակոբյանին Աշտարակում ավելի շատ ճանաչում են որպես «Երգիչ Կարեն», ով երգում է Աշտարակի և Երևանի ռեստորանային համալիրներում։ Քննչական մարմնի բացատրական աշխատանքի արդյունքում Ռ. Հակոբյանը ներկայացրել է նաև հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը, որը քննիչի կողմից առգրավվել է և ուղարկվել է փորձաքրեագիտական վարչություն։
Ըստ տեղեկությունների՝ սպանությունը տեղի է ունեցել նրա և Ա. Հովակիմյանի միջև կենցաղային և անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ։ Կրակոցներ արձակելուց հետո Ռ. Հակոբյանը դեպքի վայրից հեռացել է «Պրադո» մակնիշի 18 MM 888 համարանիշի ավտոմեքենայով։
Նշված ավտոմեքենան հայտնաբերելու նպատակով ողջ գիշեր Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները հրամանատար Արսեն Արշակյանի գլխավորությամբ ողջ գիշեր որոնողական աշխատանքեր են կատարել, որոնց արդյունքում էլ հայտնաբերել են այն։
Հանցագործությունը բացահայտելու համար ողջ գիշեր աշխատել են օպերատիվ քննչական խումբը՝ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, Ոստիկանության ՔԳՎ Արագածոտնի մարզի քննչական բաժնի պետ Մարատ Դուրյանը, Ոստիկանության Արագածոտնի մարզի վարչության պետ Գոռ Ալեքսանյանը, Աշտարակի ոստիկանապետ Արթուր Արիստակեսյանի, Արագածոտնի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Կարապետյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ՝ իրենց ստորաբաժանումներով։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի









