Օլանդն իր բնակարանը չի փոխի Ելիսեյան պալատի հետ
Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ մայիսի 15-ին իշխանությունը ստանձնելուց հետո չի ցանկանում տեղափոխվել Ելիսեյան պալատ` նախընտրելով բնակվել Փարիզի Բոգրենել թաղամասում գտնվող իր բնակարանում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, նա այս մասին ասել է իր բնակարանից քիչ հեռու գտնվող ռեստորանում ճաշելուց հետո հարևանների ու լրագրողների հետ ունեցած զրույցի ընթացքում:
«Ինձ համար ավելի լավ է մնալ այստեղ, որտեղ ես արդեն 5 տարի է այստեղ եմ ապրում: Ես այստեղ արդեն հարմարվել եմ, ունեմ իմ սովորույթները, պարբերաբար այցելում եմ այս ռեստորանը, հացի ու նպարեղենի խանութները»,- ասել է նա` հավելելով, որ Ելիսեյան պալատի կենսապայմաններին ծանոթ չէ:
Նախագահը կրկնել է, որ ցանկանում է լինել «նորմալ, սովորական նախագահ»:
«Միշտ ավելի լավ է ապրել նորմալ կյանքով: Իհարկե, գոյություն ունեն անվտանգության նորմեր, սակայն ես կցանկանայի լինել այնքան ազատ, որքան հնարավոր է»,- ասել է Օլանդը հարևաններին:









