20-րդ դարում հայ ժողովրդի ամենանշանակալի հաղթանակները եղել են մայիսի 9-ին. «Ժառանգություն»

14:38 • 09.05.12

«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել մայիսի 9-ին տարած երեք հաղթանակների կապակցությամբ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է.


20-րդ դարում հայ ժողովրդի տոնած ամենանշանակալի հաղթանակները տեղի են ունեցել մայիսի 9-ին: Դարասկզբին արնաքամ եղած հայությունը Սարդարապատում խիզախաբար դիմակայեց և վերջին ուժերի գերլարումով կարողացավ չեզոքացնել դարավոր թշնամու սպառնալիքը, իսկ 41-ի Մեծ հայրենականում ոչ միայն ցուցաբերեց անձնազոհություն ու զանգվածային հերոսություն, այլև հաղթահարեց իր ներսում հարյուրամյակների ընթացքում արմատներ ձգած հալածյալի, պետականազուրկի, իր «ես»-ի կամ իր տանիքի ներքո ծվարած անտարբերության, սեփական ուժերի հանդեպ թերահավատության բարդույթը: Երկուսուկես միլիոնանոց խորհրդահայությունը շուրջ 650 հազար քաջարի զինվորներ տվեց ռազմաճակատին:

 

Պատմության մեջ Հայաստանը նվաճած որևէ բանակ նման թվակազմ չի ունեցել: Ընդ որում, 1000 շնչին բաժին ընկնող բարձրագույն սպայական կազմի, հերոսի կոչում ստացած մարտիկների թվով հայերը Խորհրդային Միության մյուս ազգերի շարքում առաջինն էին: Այսօրինակ սխրանքները մեզանում ոչ թե սնափառության, այլ հպարտության ու պատասխանատվության բարձր զգացումի խարիսխ պետք է լինեն:

Պատասխանատվություն՝ հատկապես Արցախյան հերոսամարտում արծվասիրտ հայորդիների տարած հաղթանակի արդյունքներին տեր կանգնելու հարցում: Շուշիի ազատագրումը հայկական ոգու ևս մեկ փայլատակում էր:

 

Մեծ հաղթանակների տոնի առիթով հայ ժողովրդին մաղթում ենք քաջառողջություն, ամենայն բարիք, ազգային անմիաբանությունն ու փոխադարձ անհանդուրժողականությունը հաղթահարելու կամք՝ ամրագրելու և հավերժացնելու համար մեր հաղթանակները, ուղի հարթելու դեպի նորանոր նվաճումներ: