Երբ արդարություն լինի, մենք և՛ կչարչարվենք, և՛ կվայելենք այս հողի վրա ապրելը. ազատամարտիկ
Մեր հայրենիքը սա, է մենք կարող ենք Հայաստանում ապրել, պարզապես, ազգի մասին մտածողները, ԱԺ պատգամավոր դարձողները պետք է հասկանան, որ պետք է արդարացի լինեն: Tert.am-ի հետ զրույցում ասաց 20 տարի առաջ Շուշիի ազատագրմանը՝ Երևանի պետական համալսարանի ուսանողական ջոկատների կազմում մասնակցած, նախկին ազատամարտիկ Իգոր Սարգսյանը, ով անչափ մտահոգված է երկրում արտագաղթի չափերից:
«Հայը միայն արդարության պակասից է թողնում փախչում, արդարության պակասից է, որ գնում է՝ այդ զարտուղի ճանապարհով իր անձնական երջանկությունը կամ հաջողությունները գտնելու: Իսկ անձնական երջանկություն չի կարող լինել, եթե ընդհանուրը երջանիկ չէ»,- ասաց Իգոր Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցադրումներին, որ այսօր հնչում են հասարակության մեջ և երեկ նաև՝ Շուշիի ազատագրման տարեդարձի առիթով՝ այդ նույն հասարակության մի մասը դարձած Facebook-ում:
Երեկ օգտատերերից մեկն, օրինակ, Շուշիի գրավման 20 տարվա վաղեմության նկարի տակ գրառել էր.« Ո~ւր այս տղաները.. ո~ւր հայաստանյան նյութապաշտ հասարակության «յաշիկաբանությունը ( «յաշիկ» բառը օգտագործվում է, որպես կանոն, G դասի «Մերսեդես» և «Համմեր» մակնիշի մեքենաների համար – Tert.am) կամ որ գնում՝ 15 000–ի համար իրենց վաճառում են»:
Նախկին ազատամարտիկը Հայաստանում՝ հայկական հողի վրա, հայի բարեկեցության սեփական բանաձևն ունի. «Յուրաքանչյուր հայ իրեն պետք է զգա հայրենիքի անվտանգության պաշտպան և ամեն առավոտ արթնանալով՝ ինքն իրեն հարցնի, թե երեկ ի՞նչ եմ արել երկրի, պետության համար, և հետո միայն մտածի անձնականի մասին»:
Նախկին ազատամարտիկը կարծում է, որ երբ դա գիտակցություն դառնա, մենք և՛ շատ կսիրենք մեր հայրենիքը, և՛ կչարչարվենք, և՛ կուրախանանք և միասին կվայելենք այս հողի վրա ապրելը:









