Բնապահպանները պահանջում են պատասխանատվության ենթարկել բռնություն գործադրած ոստիկաններին

12:36 • 09.05.12

Մաշտոցի պուրակում խաղաղ նստացույցի մասնակիցները նամակ են ուղղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին և պահանջում են պատասխանատվության ենթարկել ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում խաղաղ նստացույցի մասնակիցների նկատմամբ անօրինականություն և բռնություն գործադրած բոլոր ոստիկաններին:

Նամակում, մասնավորապես գրված է.

Սույն թվականի ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում խաղաղ նստացույցի մասնակիցները Հայաստանի Հանրապետության իրավական և օրենսդրական կարգը հարգելով`պաշտպանում էին իրենց սահմանադրական իրավունքները: Այդ պատճառով նրանք Ոստիկանության կողմից ենթարկվել են անօրինականության և բռնության: Այս մասին մենք արդեն իսկ հրապարակային հայտարարել ենք ու նշել, որ այն բոլոր ոստիկանները, որոնք մասնակցել են այս անօրինականությանն ու բռնություններին պետք է պատասխնատվության ենթարկվեն համապատասխան մարմինների և արդարադատական համակարգի կողմից:

Հարկ է նաև նշել, որ ոստիկանության գործադրած անօրինականությունից և բռնությունից հետո, երբ մարմնական վնասվածքներ ստացած նստացույցի մասնակիցները դիմում էին հիվանդանոց բուժօգնություն ստանալու`հրապարակավ հայտարարելով, որ դիմելու են բռնության գործադրած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու համար, ոստիկանները առանց որևէ պատճառի, օրենքի կոպիտ խախտմամբ ազատությունից զրկել են յոթ հոգու, նպատակ ունենալով կոծկել իրենց անօրինականությունները և բռնի գործողությունները և կարծելով, որ դրանից հետո մենք չենք բարձրացնի ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու հարցը:

Դիմում ենք Ձեզ պահանջով, որ միջոցներ ձեռնարկեք անհապաղ պատասխանատվության ենթարկելու այն բոլոր ոստիկաններին ,որոնք անօրինականություն և բռնություն են գործադրել սույն թվականի ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում խաղաղ նստացույցի մասնակիցների նկատմամբ: Մասնավորապես պետք է պատասխանատվության ենթարկվեն այդ գործողությունները ղեկավարող ոստիկանական բարձրաստիճան սպաները` գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը, փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը, և գնդապետ Վալերի Օսիպյանը ըստ ՀՀ Սահմանադրության և օրենսդրության կարգի հաստատման և մեր քաղաքացիներին վստահություն ներշնչելու համար: