Պետդեպն անհանգստացած է Մոսկվայում ընդդիմադիրների նկատմամբ բռնություններով ու ձերբակալություններով
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտն անհանգստացած է Մոսկվայում մայիսի 6-ին ու հաջորդած օրերին անցկացված ընդդիմության հանրահավաքի ժամանակ մասնակիցների նկատմամբ բռնություններով ու ձերբակալություններով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:
«Մենք անհանգստացած ենք նրանով, թե ինչպես է ոստիկանությունը վարվում խաղաղ ցուցարարների հետ հանրահավաքների ժամանակ ու ձերբակալություններից հետո»,- Թոներին մեջբերում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն անհանգստացած է նաև իրավապահների նկատմամբ ցուցարարների կիրառած բռնությունների մասին ստացվող տեղեկություններով: «Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ բռնություններից: Իշխանությունները պետք է հարգեն ազատ խոսքի ու ազատ հավաքներ անցկացնելու մարդկանց իրավունքը»,- ասել է նա:
Մոսկվայում մայիսի 6-ին անցկացված Պուտինի պաշտոնավարմանը դեմ «Միլիոնների երթ» ակցիայի ժամանակ ձերբակալվել են հարյուրավոր ցուցարարներ: Ցույցերը շարունակվում են մինչ այսօր:









