Մոսկվայում Նավալնին և Սոբչակը ձերբակալվել են ընդդիմադիր «տոնախմբությունների» ժամանակ
Ռուսաստանի ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը` Ալեքսեյ Նավալնին, հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը, ինչպես նաև շատ այլ ակտիվիստներ են ձերբակալվել ընդդիմադիր «տոնախմբությունների» ժամանակ, որոնք տեղի են ունենում ՌԴ մայրաքաղաքի կենտրոնում, հաղորդում է BBC-ն:
Նավալնին և Սոբչակը ձերբակալվել են, երբ Ռուսական ՕՄՕՆ-ը Նիկիտյան դարպասների շրջանում շրջապատել էր բողոքի ակցիա կազմակերպած ցուցարարների խումբը:
Մինչ այդ ձերբակալվել էին, մասնավորապես «Աֆիշա» պարբերականի գլխավոր խմբագիր Իլյա Կրասիլշիկը և Նավալնիի օգնական Գեորգի Ալբուրովը:
ԱՄՆ պետդեպարտամենտը «մտահոգված է» Ռուսաստանում խաղաղ ցուցարարների դեմ իրականացվող ոստիկանական գործողություններով և ՌԴ իշխանություններին խոսքի և հավաքների ազատությունն ապահովելու կոչ է անում: BBC-ի փոխանցմամբ, նման հայտարարություն է արել ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Տոները:









