Նոր կոալիցիա կազմելու շուրջ բանակցություններ են ընթանում. Տիգրան Սարգսյան (տեսանյութ)

13:56 • 09.05.12

Այսօր «Հաղթանակ» զբոսայգում Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ դաշտային զինվորական ճաշկերույթին մասնակցելուց հետո, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, չնայած հնարավորինս խուսափում էր ներքաղաքական հարցերից, այդուհանդերձ, պատասխանեց՝ կոալիցիայի ձևավորման մասին լրագրողների հարցին՝ ասելով. «Նոր կոալիցիա կազմելու նպատակով այժմ բանակցություններ են ընթանում»:


Վարչապետ Սարգսյանին սեղանակից ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն էլ անմիջապես առաջարկեց խմել բանակցությունների հաջողության կենացը: «Պարոն վարչապետ, բանակցությունների հաջողության համար չես ուզո՞ւմ խմել», - Սամվել Նիկոյանի հարցին, վարչապետը ծիծաղով արձագանքեց՝ միանալով կենացին:
Լրագրողների հերթական ներքաղաքական հարցին, թե՝ ո՞ւմ հետ են ընթանում բանակցությունները՝ Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Ընտրողների»:


Իսկ մյուս հարցը, թե կառավարության կազմը շա՞տ փոփոխության կենթարկվի, այդպես էլ մնաց անպատասխան:
Այդուհանդերձ, վարչապետը տեղի տալով լրագրողական համառությանը պատասխանեց ևս մի քանի հարցերի.«ճի՞շտ են, արդյոք, այն խոսակցությունները, որ Տիգրան Սարգսյանը կգլխավորի խորհրդարանը», հարցին՝ վարչապետը կարճ պատասխանեց.«Ամեն ինչ էլ խոսում են»: Իսկ թե ի՞նքն ինչ է մտածում, չարձագանքեց ու լրագրողներին առաջարկեց՝ թեմայից չշեղվել, հիշեցնելով, որ այսօր տոն է:


Վարչապետ Սարգսյանը, խոսելով սպասվող փոփոխություններից՝ նշեց. «Ժողովրդի կյանքը բարելավվելու է»: Իսկ հարցին ի պատասխան, թե անցած տարիներին ի՞նչ չափով է բարելավվել այդ կյանքը, վարչապետը նախընտրեց լռել, ապա, թերևս, հոգնած լրագրողական հարցադրումներից, նկատեց. «Ես ուզում եմ հասկանալ, թե ինչքա՞ն պետք է դիմանամ: Ես դեռ կդիմանամ, գոնե վետերաններին խղճացեք, թողեք մի կտոր հաց ուտեն»,- եզարափակեց վարչապետ Սարգսյանը: