Հայաստան`քրիստոնեության մոռացված օրրան. ամերիկացի լրագրողը ճամփորդել է Հայաստանում

13:37 • 09.05.12

Ամերիկացի լրագրող Ռութ Հիլլը Washington Times-ի էջերում կիսվել է Հայաստան կատարած այցի` իր տպավորություններով:

 

«2013թ.-ին քրիստոնյա աշխարհը պատրաստվում է նշել հավատի ընդունման 1700- ամյակը, և այս առիթով Հայաստանն արժանի է հավատացյալների ուշադրությանն ու այցելությանը:

Թեև Թուրքիայի,Արևելյան Եվրոպայի և Արևմտյան Ասիայի միջև ընկած Հայաստանը 301թ.-ին աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, սակայն ժամանակակից աշխարհում այս երկիրն ավելի շատ «հայտնի» է 1915թ.-ին տեղի ունեցած ցեղասպանության փաստով, քան որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած պետություն:

Հայաստանի բնակչության 94%-ը քրիստոնյաներ են: Հայաստանի առաքելական եկեղեցին հիմնվել է Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից 2-ի` Թադեոսի և Բարդուղիմեոսի կողմից և շարունակում է անկախ մնալ թե կաթոլիկ, թե ուղղափառ եկեղեցիներից: 

Չնայած, ԽՍՀՄ-ի օրոք փորձ էր արվում քրիստոնեությունն արգելել Հայաստանում: Բազում եկեղեցիներ ու սրբավայրեր կործանելով, այնուամենայնիվ, խորհրդային իշխանություններին դա չհաջողվեց: Խորհրդային կարգերի փլուզումից հետո, հայերն անմիջապես հանձն առան վնասված եկեղեցիների վերականգնման գործը:

 

Հայ ժողովուրդն իր հավատից չշեղվեց նույնիսկ այն դեպքում,երբ 19-րդ դարում ռուսական ցարը փորձեր էր անում ստիպել նրանց միանալ ռուսական ուղղափառ եկեղեցուն», - գրում է լրագրողը:

 

Հիլը Հայաստանում օտարերկրյա զբոսաշրջիկների համար առաջնային հետաքրքրությունների ցանկում առանձնացնում է 4-րդ դարում քարանձավի մեջ կառուցված Գեղարդի վանքը, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը` Նոյյան տապանի վերջին հանգրվանը: Գեղարդում պահվող սուրբ մասունքներից ամենագլխավորը խաչված Քրիստոսին վիրավորած նետն է:

 

«Ուշադրության են արժանի նաև Էջմիածնի մայր տաճարը, Զվարթնոցի ավերակները,Սանահինի և Հաղպատի վանքերը: «Հաղպատ» թարգմանաբար նշանակում է «ամուր պատեր»: Այս անվանումն իզուր չի տրվել վանքին, քանի որ 967 թ.-ին կառուցված լինելով հանդերձ` այն կարողացել է դիմակայել քրդերի, թուրքերի, մոնղոլների, պարսիկների, ռուսների և շատ ուրիշների հարձակումներին: Թեև ԽՍՀՄ-ի ժամանակ վանքի պատերից հեռացվել է կրոնական որմնանկարների մեծ մասը, սակայն որոշները պահպանվել են:

 

Հայաստանը գրավիչ է զբոսաշրջիկների համար նաև իր չքնաղ ալպիական մարգագետիններով, հնագույն լեռնաշղթաներով, ինքնատիպ ազգային խոհանոցով և այլ մշակութային արժեքներով: Դարերի խորքից առ այսօր պահպանված հայկական մշակույթը զբոսաշրջիկներին հոգեկան բավարարվածություն և քրիստոնեության սկզբնաղբյուրների հետ առնչվելու եզակի հնարավորություն է տալիս»,- եզրափակում է ամերիկացի լրագրողը: