Հաղթանակի զբոսայգում նշում են մայիսյան եռատոնը (լուսանկարներ)

13:01 • 09.05.12

Ինչպես յուրաքանչյուր տարի , այսօր ևս հայ ժողովրդի եռատոնի առիթով Հաղթանակի զբոսայգում բազմամարդ է. այսօր լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 67-րդ, Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձը և Ղարաբաղի պաշտպանության բանակի հիմնադրման օրը:


Եռատոնի կապակցությամբ այսօր Հաղթանակի զբոսայգի այցելեցին նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության անդամների ուղեկցությամբ, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, ԱԺ պատգամավորների հետ, բարձրաստիճան զինվորները՝ ՊՆ գլխավոր շտաբի պետ գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ և հոգևոր դասը՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ:


Նրանք Անհայտ զինվորի հուշարձանին ծաղիկներ դրեցին, մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը , ապա հաղթանակի փոքրիկ շքերթից հետո ավանդույթի համաձայն այցելեցին այգում տեղակայված զինվորական ճամբար և վետերանների հետ մասնակցեցին դաշտային զինվորական ճաշկերույթին:


ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը ինչպես ամեն տարի համտեսելով առաջարկված ուտելիքը, նկատեցին, որ շատ համեղ է, բաժակ բարձրացրեցին առաջին հերթին շնորհավորելով վետերաններին տոնի առիթով և ցանկացան նրանց առողջություն:
«Աստված տա նրանք մեզ հետ լինեն, ինչքան մեզ հետ լինեն, այնքան լավ տրամադրությամբ մենք կնայենք դեպի վառ ապագան»,- ասաց ՀՀ վարչապետը: