Փարպեցի փողոցի վրա գտնվող ակումբները իսկական պատուհաս են դարձել բնակիչների համար
Երևանի Ղազար Փարպեցի փողոցի վրա գտնվող ակումբները լուրջ գլխացավանք են դարձել այս փողոցի բնակիչների համար: Մոտ 150 մետր երկարությամբ փոքր փողոցի վրա գործում են 6 ռոք ակումբներ և գիշերային բարեր, այդ թվում՝ արդեն հայտնի դարձած DIY ակումբը:
«Որպես էստեղի ապրող՝ ասեմ, որ ձեռքս ճար լինի, այ էս բոլոր ակումբները, որտեղ լկտիություն է կատարվում, որ 14 տարեկան երեխաս դուրս է գալիս, առավոտը սաղ թափած շպրիցներ ա, որ գիշերվա երեքին երիստասարդ՝ 16-17-18 տարեկան աղջիկները «հետ են տալիս» ծառերի տակ ու մինչև գիշերվա 3-ը մեր անդորրը խանգարում են… ես չգիտեմ ինչ կանեի»,– Tert.am-ին պատմեց թիվ 24 շենքի բնակչուհի Հեղնար Եղոյանը:
Բակում ապրող բնակիչների անունից տիկին Հեղնարը հավելեց, որ ամեն ամառ իրենց շենքերի բնակիչները այդպես տառապում են:
Մատով ցույց տալով ակումբների ուղղությամբ՝ բնակչուհին թվարկեց. «Առաջինը սա էր, երկրորդ, երրորդ, չորրորդ…. խայտառակության ա»:
Նշենք, որ չհաշված բարերը, այս տարածքում գործում է նաև արտասահմանցի զբոսաշրջիկների հյուրանոց-հանրակացարան՝ հոսթել, և մայրաքաղաքի հյուրերը ևս հաճախ մինչև լույս գարեջրերի շշերը ձեռքներին աղմկում են, երգում են, վիճաբանում:
Տիկին Հեղնարի հետ կանգնած հարևանուհին հավելեց, որ մութն ընկնելուց հետո խուսափում են երեխաներին մենակ դուրս թողնել:
«Խմած, հարբած, չգիտեմ… ընկնում են օֆիսի ապակիների վրա, «սիգնալիզացիան» աշխատում ա, ինչ խայտառակություն ասես կատարվում ա: Փորձել ենք դիմել ոստիկանություն , բայց… Ընդհուպ ասեմ, իմ ծեր հարևաններն էն վիճակի էին հասել, որ անցած ամառ ջուր են լցրել իրանց վրա»,- ասաց թիվ 24 շենքի բնակչուհին:
Ղազար Փարպեցի փողոցը Երևանի փոքր կենտրոնի այն փողոցներից է, որտեղ շատերը վաճառել են իրենց բնակարանները և դրանց առաջին-երկրորդ հարկերը տրված են որպես գրասենյակային տարածքներ: Այստեղ է գտնվում նաև Լիտվայի հանրապետության պատվավոր հյուպատոսարանը:
Կոսմետիկական պարագաների վաճառքով զբաղվող խանութի աշխատակից Մարատը նշեց, որ չնայած DIY ակումբից և նրա հաճախորդներից որևէ բան վատ բան չեն տեսել, բայցև ասաց. «Ընդհանրապես հայ ազգի մեջ նման մարդիկ չպետք է ապրեն: Որ դուք էլ գաք էստեղ կանգնեք օրվա ընթացքում, կտեսնեք իրանց կողմնորոշումները: Մենք նույնիսկ չենք իմանում իրանք ինչով են զբաղվում, բայց զուտ իրանց ներկայությունը տհաճ ա»։
Այնուամենայնիվ, մեզ հետ զրուցած խանութի աշխատակիցները համարում են, որ ակումբի «պայթացնելը» ( պայթուցիկ նետելը և հրդեհելը – Tert.am) սխալ էր, որովհետև այդ տարածքով գազի խողովակներ են անցնում, և կարող ր այնպես պատահել, որ վնասն ավելի մեծ լիներ և տուժեին շենքերը:









