Գետը չհասած բոբիկանալ պետք չէ. Արտաշես Գեղամյան

16:58 • 16.05.12

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, ով Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը, դեռ իրեն ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր չի պատկերացնում, և նշում է, որ չպետք է շտապել և ժամանակից առաջ ընկնել։

«Ժողովրդական մի ասացվածք կա, ասում է՝ գետին չհասած բոբիկանալ պետք չէ: Երբ ես գնամ Ազգային ժողով, դառնամ պատգամավոր, այդ ժամանակ էլ մեծ սիրով կպատասխանեմ ձեր հարցերին»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Արտաշես Գեղամյանը:


Հարցին, թե ի՞նչ կանի, եթե, այնուհանդերձ, չստանա մանդատ, Գեղամյանը պատասխանեց, որ ինքը գտնվելու է միայն այնտեղ, որտեղ միշտ եղել է իր ծննդյան օրից և ծառայելու է հանուն հայ ժողովրդի բարեկեցության:


«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահը չի նեղվում քննադատություններից և համոզված է, որ այն մարդը, ով չի քննադատում և չի քննադատվում, ուրեմն՝ «երևանամերձ գերեզմանատներից մեկում է»:


«Այն մարդը, ով ո՛չ քննադատում է, և ո՛չ էլ քննադատվում, հանգրվանում է Երևանի մերձակա գերեզմանատներից մեկում: Քննադատողը, սակայն պետք է լինի բարոյական մարդ, որ կարողանա քննադատել, թե չէ ամեն մեկի քննադատությունը չէ, որ ընդունվում է»,-եզրափակեց Արտաշես Գեղամյանը:


Հիշեցնենք, որ ՀՀԿ համամասնական ցուցակում 16, 17 և 18-րդ հորիզոնականները, համապատասխանաբար, զբաղեցնում են Արտաշես Գեղամյանը, «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը և «Սահմանադրական իրավունք միության» նախագահ Հայկ Բաբուխանյանը:


Խոսրով Հարությունյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ցանկանում է լինել ԱԺ պատգամավոր, և զբաղվել տնտեսական հարցերով և տնտեսության վերաբերյալ օրենքների մշակմամբ, իսկ Հայկ Բաբուխանյանի անվան շուրջ վերջերս մամուլում շրջանառվում են լուրեր, թե նա զբաղեցնելու է կամ ՀՀ կրթության և գիտության, կամ էլ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը: