ԼՂ խնդրի մասին ադրբեջանցիների «սրտով» չխոսելու համար գերմանացի պատգամավորին «նեղել» են

17:53 • 16.05.12

Բաքվում այսօր անցկացված «Երաժշտությունը հանուն ժողովրդավարության» միջազգային համաժողովի ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել ադրբեջանցի պատգամավոր Չինգիզ Գանիզադեի ու նրա գերմանացի գործընկեր Ֆոլկեր Բեքի միջև: Ինչպես հաղորդում է SalamNews-ը, ադրբեջանցի պատգամավորը դիմել է գերմանացուն` հարցնելով, թե վերջինս` որպես Բունդեսթագի պատգամավոր ու Կանաչների կուսակցության անդամ, ինչպես է վերաբերվում «հայ ագրեսորների կողմից Ադրբեջանի տարածքի 20 %-ը զավթելուն»:

Ինչին ի պատասխան, Բունդեսթագի պատգամավորն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը տեսնում է միմիայն խաղաղ ճանապարհով:

 

«Միևնույն ժամանակ ցանկանում եմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի տարածքում ազգային փոքրամասնությունների (հայերի) իրավունքներն ամբողջությամբ ապահովվեն»,- հավելել է նա:
 

Միջոցառման ավարտին, ադրբեջանցի պատգամավորը դիմել է համաժողովի մասնակիցներին` հայտարարելով, թե ինչպես կարելի էր «Երաժշտությունը հանուն ժողովրդավարության» համաժողովին հրավիրել «նման մեկի, ով չի ընդունում Ադրբեջանի տարածքի զավթման փաստը»:

 

«Նմանը միայն խղճահարություն ու զարմանք է առաջացնում»,- ասել է նա: