Բաթմանում աղբանոցի վերածված 11-րդ դարի հայկական եկեղեցուց 10 տոննա աղբ են հանել
Թուրքիայի Բաթման գավառի Բեշիրի շրջանի Ենիփընար գյուղի բնակիչների կողմից աղբավայրի վերածված 11-րդ դարի հայկական եկեղեցում մաքրման աշխատանքներն իրականացնելու արդյունքում 10 տոննա աղբ է դուրս բերվել:
Բաթմանի համալսարանի ռեկտոր Աբդուսսելան Ուլուջամը տեղեկացրել է, որ տարածքը մաքրելուց հետո պատմական եկեղեցին կվերանորոգվի և կծառայի զբոսաշրջության զարգացմանը:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberler կայքը, 1914 թ-ին այդ տարածքներից հայերի գաղթից հետո եկեղեցին անուշադրության է մատնվել, ապա հարակից գյուղերի բնակիչների կողմից դրա մի մասը որպես գոմ է ծառայել, իսկ մյուս մասում գյուղացիները խոտ են պահել: Վերջին շրջանում, սակայն, այն ամբողջովին աղբավայրի է վերածվել:
Վերջերս, դրա շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել, ինչից հետո միայն Բաթմանի Մշակույթի և զբոսաշրջության վարչությունը զգուշացրել էր Բեշիրիի գյուղապետարանին: Դրանից հետ սկսվել են եկեղեցու մաքրման աշխատանքները:
Հիշեցնենք, որ Բաթմանի և Սասունի հայրենակցական միության ատենապետ Ազիզ Դաղջըն ավելի վաղ նամակ էր ուղարկել Թուրքիայի մշակույթի և ներքին գործերի նախարարություններին, ինչպես նաև խորհրդարանի նախագահությանը` ահազանգելով Բաթմանի Բեշիրի շրջանում գտնվող հայկական եկեղեցու մասին:
Նա նաև պահանջել է պաշտոնանկ անել Բաթմանի Մշակույթի և զբոսաշրջության վարչության ղեկավարի և Բեշիրիի գավառապետին, «որովհետև նրանք չեն կանխում սրբապղծությունն ու պատմական կոթողների վնասումը»:









