Կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի մասին օրենքներն ուժի մեջ կմտնեն հունիսի 1–ին

17:46 • 16.05.12

ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում հիշեցնում է, որ ՀՀ–ում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրման նպատակով ՀՀ Ազգային ժողովի կողմից 2011 թ. նոյեմբերի 30-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին», «Նույնականացման քարտերի մասին» և «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքները ուժի մեջ կմտնեն 2012թ. հունիսի 1-ից:


Օրենքների ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիները 2012թ. հունիսի 1-ից հետո կարող են ձեռք բերել նույնականացման քարտ` որպես անձը հաստատող փաստաթուղթ ՀՀ տարածքում օգտագործելու նպատակով, իսկ օտարերկրյա պետություններ մեկնելու դեպքում որպես ճամփորդական փաստաթուղթ՝ նաև կենսաչափական տվյալներով անձնագիր:


Նույնականացման քարտը պարունակելու է տվյալների էլեկտրոնային պահոց, որտեղ ամրագրվելու են օրենքով նախատեսված տվյալներ, տվյալների պաշտպանվածությունն ապահովող` քարտին հատուկ անհատական կրիպտոգրաֆիկ բանալիներ, էլեկտրոնային թվային ստորագրության և նույնականացման համար հավաստագրեր:


Անձնագրի էլեկտրոնային պահոցում ամրագրվելու են օրենքով նախատեսվող տեղեկություններ անձի վերաբերյալ, այդ թվում` քաղաքացու թվայնացված լուսանկարը, ստորագրությունը, աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները:
Այդ փաստաթղթերը ստանալը ՀՀ քաղաքացիների իրավունքն է և ոչ թե` պարտականությունը, այսինքն՝ կամավոր է: Նշված փաստաթղթերի հետ մեկտեղ ուժի մեջ են մնալու նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված՝ հին նմուշի անձնագրերը, որի պայմաններում 2012թ. հունիսի 1-ից հետո ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ, փոխանակել նաև հին նմուշի անձնագրերը կամ երկարաձգել վավերականության ժամկետը՝ դրանք միաժամանակ օգտագործելով թե՛ ՀՀ տարածքում և թե՛ ՀՀ տարածքից դուրս:


Ընդ որում, նոր նմուշի անձնագրեր կամ նույնականացման քարտեր ստանալու դեպքում անձինք չեն հանձնում հին (ներկայումս գործող) անձնագրերը, և դրանք հավասարապես կարող են օգտագործվել և՛ պետության ներսում, և՛ դրա տարածքից դուրս:


Օրենքի համաձայն քաղաքացին կենսաչափական տվյալներով անձնագիր ստանում է կամավոր` անկախ տարիքից: Քաղաքացին անձնագիր ստանալու մասին դիմումը ՀՀ–ում ներկայացնում է իր հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայություն, իսկ օտարերկրյա պետություններում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:
Մինչև 16 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, մինչև 16 տարեկան արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով:


Քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից: Քաղաքացին նույնականացման քարտ ստանալու մասին դիմումը ներկայացնում է իր հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայություն: Նույնականացման քարտը տրվում է 10 տարի վավերականության ժամկետով:


Անձնագիրը ՀՀ–ում տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը, իսկ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից անձնագիրը տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվանից հետո` 60-օրյա ժամկետում: Նույնականացման քարտը տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը:


Օրենքներն ուժի մեջ մտնելուց հետո որոշ ժամանակ անց քաղաքացիներն իրենց ցանկությամբ կարող են առավել սեղմ ժամկետներում ստանալ (փոխանակել) քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ` ՀՀ ոստիկանության հետ կնքելով սեղմ ժամկետներում ՀՀ քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) վճարովի ծառայության մատուցման պայմանագիր:


Նշված ծառայությունները մատուցվելու են ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի լիազորած տարածքային անձնագրային ծառայությունների կողմից:


«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 2011թ. նոյեմբերի 30-ին կատարված լրացման արդյունքում սահմանվել են նաև ՀՀ քաղաքացու նույնականացման քարտի և կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի տրամադրման համար պետական տուրքի չափերը» համապատասխանաբար՝ 3 հազար և 25 հազար դրամ:


«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքի համաձայն Հանրային ծառայությունների համարանիշը թվային տաuը նիշերի համակցություն է, որը ձևավորվում է բնակչության պետական ռեգիստր մուտքագրված անհատական տվյալների հիման վրա: Մինչև նշված օրենքն ուժի մեջ մտնելը ՀՀ քաղաքացիներին տրված սոցիալական ապահովության քարտերի համարները համարվելու են հանրային ծառայությունների համարանիշեր և ամրագրվելու են նույնականացման քարտերում` դրանք քաղաքացիներին օրենքով սահմանված կարգով առաջին անգամ տրամադրելիս:


Օրենքով նախատեսվել է նաև հանրային ծառայությունների համարանիշի ձեռքբերման կամավորության սկզբունքը: ՀՀ քաղաքացիներին արդեն իսկ տրված սոցիալական ապահովության քարտերը կարող են օգտագործվել հանրային ծառայությունների համարանիշերի օգտագործման համար նախատեսված նպատակներով նաև 2012թ. հունիսի 1-ից հետո:
Այն դեպքերում, երբ քաղաքացիների իրավունքների իրացման համար օրենսդրությամբ նախատեսված է հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական ապահովության քարտի) պարտադիր առկայություն, սակայն քաղաքացին հրաժարվում է ձեռք բերել հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) և չի ստացել նույնականացման քարտ, ապա Ոստիկանությունը վերջինիս ցանկությամբ տրամադրելու է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք, որի հիման վրա պետական մարմինները կամ պաշտոնատար անձինք կապահովեն քաղաքացու իրավունքների իրացումը:


Նույնականացման քարտ չստացած և սոցիալական քարտ չունեցող քաղաքացու ցանկությամբ Ոստիկանությունը վերջինիս կտրամադրի հանրային ծառայությունների համարանիշ՝ տեղեկանքի տեսքով: