Դոնալդ Թրամփը «թվիթերային» պատերազմ է հայտարարել Շերին

15:19 • 16.05.12

Միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտնի է ոչ միայն իր մեծ կարողությամբ ու ձեռնարկատիրական գործունեությամբ, այլև հումորի մեծ զգացումով: Twitter սոցիալական ցանցում տեսնելով, թե երգչուհի Շերն ինչ խոսքեր է ուղղում ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի հասցեին, գործարարը որոշել է քաղաքական գործչի «թասիբին կանգնել», հայտնում է Chicago Sun-Times-ը:

 

«Թրամփը միշտ սիրել է իրարանցում ստեղծել: Նա սիրում է բարկացնել այն մարդկանց, որոնք իրեն նյարդայնացնում են, և մինչ այսօր բաց չի թողնում նրանց վրա ծիծաղելու առիթը»,- Չիկագոյի լրագրողներին հայտնել է Թրամփի մտերիմ շրջապատի անանուն աղբյուրը:

 

«Պատերազմի» պատճառը սոցցանցում Շերի տեղադրած հաղորդագրությունն է, որում երգչուհին նշել էր, որ «չի ցանկանում շնչել նույն օդը, որը շնչում են Ռոմնին ու նրա տերերը` ռասիստները, հոմոֆոբներն ու կնատյացները»:

 

Թրամփն էլ, ի պատասխան, Շերին անվանել է «միջակ ընդունակություններով անհաջողակ, որը կորցրել է իրականության հետ կապը»: Գործարարը հավելել է նաև, որ երգչուհու` Ռոմնիի մասին մեկնաբանությունները կրում են «վիրավորական բնույթ, անտեղի են ու ստոր»:

 

Շեր-Թրամփ ինտերնետային հակամարտությունը սկսվել է դեռ ամիսներ առաջ` նախագահ Բարաք Օբամայի ծննդյան վկայականի շուրջ սկանդալի ժամանակ (հաղորդվում էր, որ Օբամայի ծննդյան վկայականը կեղծ է): Թրամփն այդ ժամանակ նախագահին անվանել էր խաբեբա ու պահանջել պաշտոնաթող լինել: Իր հերթին, Շերը գրել էր, որ նա ամերիկյան լողափերից մեկում տեսել է միլիոնատիրոջը մեծ կրծքերով գեղեցկուհիների հետ, ինչն առաջացրել էր գործարարի կնոջ` Մելանիի զայրույթը: