Լրագրողները փորձում են պարզել, թե քաղաքական ուժերն ինչու են լռում

15:43 • 16.05.12

Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «2012 Ընտրամարտ» նախագծի վերջին հանդիպմանը լրագրողները փորձեցին պատասխանել հարեցին, թե ինչու են Ազգային ժողով անցած քաղաքական ուժերը լռում, արդյո՞ք բանակցությունների մեջ են, թե՞ շահավետ առևտուր են կազմակերպում:


Լրագրող Հարություն Հարությունյանը նկատեց, որ լռության մեկ շաբաթ հայտարարած ուժերն ընդամենը սպասում են երկրի նախագահ Սերժ Սարգսյանի «մեսիջին», ով այս օրերին Ռուսաստանում է:


Լրագրող Թաթուլ Հակոբյանը նախ անհեթեթություն համարեց փաստը, որ մի ուժ ունենալով առավելություն առաջարկում է կիսել իր պորտֆելները, ապա նաև նկատեց, որ շատ ավելի մեղավոր են այն ուժերը, որոնք ընդունում են այդ առաջարկը:


«Ավելի շատ մեղադրել պետք է այն կուսակցություններին, որ գնալու են այդ քայլին: Եթե գնան, կնշանակի, որ դրանք կուսակալություններ չեն, իսկ ես համոզված եմ, որ կգնան, դրանք իշխանական բիզնես պրոեկտներ են»,- ասաց նա։


Ըստ նրա՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը պորտֆելները կիսելով մեկ նպատակ ունի: «Որպեսզի ապահով, անցնցում, երկրորդ անգամ, հեշտ, անարյուն ճանապարհ հարթեն դեպի Բաղրամյան 26»,- ասաց նա:


Բոլոր նրանց, ում հետաքրքրում է ապագա կառավարության կամ ԱԺ կազմը, Թաթուլ Հակոբյանը հիշեցնում է, որ պետք չէ լուրջ ակնկալիքներ ունենալ:


«Տիգրան Սարգսյանը կմնա վարչապետ, Հովիկ Աբրահամյանը ԱԺ նախագահ, ԲՀԿ-ն խնդրելու է իրեն ավելի շատ պորտֆելներ տան, գոնե երկուսն ավել կստանա, որը ՀՀԿ-ն կտա ՕԵԿ-ի հաշվին»,- ասաց նա և հույս հայտնեց, որ այդ ուժերին կհաջողվի գոնե մեկ խնդիր լուծել և դադարեցնել Հայաստանից արտագաղթը:


Հեռուստալրագրող Դերենիկ Մալխասյանի համոզմամբ՝ քաղաքական ուժերի պայքարի նպատակն է իշխանական կերակրամանին հնարավորինս մոտ լինել:


«Ունենք այն ինչ ունենք, ազգային քաղաքականություն, կոալիցիա, դա էությունը չի փոխում: Ընդամենը, Սերժ Սարգսյանը այնպիսի իրավիճակ է փորձում ձևավորել, որպեսզի քաղաքական ուժերը նախագահական ընտրություններին իրեն չխանգարեն»,- ասաց նա:


Անդրադառնալով նախագահական ընտրություններից սպասելիքներից՝ Հարություն Հարությունյանը նշեց, որ ԱԺ ընտրությունները նախավարժանք էր և ավելացրեց, թե կասկած չունի, որ նախագահականին «նույն աննախադեպ արդար ընտրություններն են լինելու»: