Դերսիմի բնակչության 75 տոկոսը հայկական ծագում ունի. Միհրան Փրկիչ
Թուրքական «Հաբեր Վաքթիմ» կայքը հրապարակել է հարցազրույց` Դերսիմի հայերի միության նախագահ Միհրան Փրկիչի հետ:
Փրկիչը այն հայերից է, ովքեր վերջերս փոխել են իրենց անունն ու կրոնը և վերադարձել հայկական արմատներին: Հարցազրույցում նա հայտարարել է, որ Դերսիմի բնակչության 75 տոկոսը հայկական ծագում ունի: Նա պնդել է, որ թուրք ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն նույնպես հայ է, սակայն ուրանում է իր ծագումը:
Երկու տարի առաջ կրոնափոխ եղած և իր Սուլեյման անունը փոխած Միհրան Փրկիչը կոչ է արել բոլոր գաղտնի հայերին վերադառնալ իրենց արմատներին: Նա նշել է, որ իր գլխավորած Դերսիմի հայերի միությունն արդեն 70 անդամ ունի:
Միհրանն ասել է, որ հստակ չգիտի, թե որքան է Թուրքիայում ծպտյալ հայերի թիվը, սակայն վստահ է, որ Դերսիմի բնակչության 75%-ը հայկական ծագում ունի:
«Նրանց մի մասն ալևի են դարձել և ձուլվել: Մեր նպատակն է` պայմաններ ստեղծել, որ Դերսիմում ապրող և հայկական ծագում ունեցող հայերն ազատորեն խոսեն իրենց հայկական ծագման մասին, բացահայտեն իրենց ինքնությունն ու վերադառնան ազգային մշակույթին»,ասել է նա:
Անդրադառնալով թուրք ընդդիմադիր գործչի արմատներին, նա ասել է. «Ակնհայտ է, որ Քըլըչդարօղլուի մայր հայ է, սակայն նա ժխտում է այդ փաստը: Դերսիմում բոլորը գիտեն այդ ճշմարտությունը: Քըլըչդարօղլուն ծնվել է Նազմիյե հայկական բնակավայրում: Նա ուրանալով այդ փաստը վիրավորում է իր մորը»:
Անդրադառնալով Ժողվրդահանրապետական կուսակցության դերսիմցի պատգամավոր Հուսեյին Այգունին, Միհրանը նշել է, որ նա լավ վերաբերմունք ունի հայերի հանդեպ:
«Հայ է, թե ոչ, ինքը պետք է ասի, իսկ մենք շատ լավ գիտենք` ով է հայ, ով ոչ: Գիտենք որ տոհմն է հայկական, որը հայկական չէ: Կարևոր է, որ հենց իրենք խոսեն այս մասին»,- ասել է նա:
Միհրան Փրկիչը երկար տարիներ աշխատել է քրդամետ Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության շարքերում և հիմա պնդում է, որ այստեղ նույնպես հայկական շատ բան կա:
«Այն շրջաններում, որտեղ սկսած 1923 թ-ին հայ բնակիչները շատ էին, այս կուսակցությունը առավելագույն ձայներ էր ստանում»,- ասել է նա` որպես օրինակ նշելով Սասունն ու Վանը:
Միհրան Փրկիչի խոսքերով` այս կուսակցության անդամները գիտակցում են, որ հայերի հանդեպ շատ հանցանքներ են եղել: Սակայն կրոնամոլ քրդերը չեն ցանկանում մերձենալ հայերի հետ, քանի որ «գյավուր» են համարում:









