ՀՀ ԿԳՆ–ը կմասնակցի Eurostudent նախագծի 5-րդ կոնսորցիումի աշխատանքներին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Eurostudent նախագծի միջազգային համակարգող թիմի ղեկավար Դոմինիք Օրրը ստորագրել են երկկողմ պայմանագիր, որի շրջանակում այլ եվրոպական երկրների հետ Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի բարձրագույն կրթության բնագավառում ուսանողների սոցիալական և տնտեսական պայմանների, ուսուցման ձևերի և եղանակների, ինչպես նաև միջազգային շարժունությունն ուսումնասիրող հետազոտության աշխատանքներին։
Ծրագիրը Բոլոնիայի գործընթացի համատեքստում հնարավորություն կընձեռի իրականացնել ազգային բարձրագույն կրթության չափանիշների համեմատական ուսումնասիրություն վերոնշյալ հարցերով և համադրել ստացված տվյալները Բոլոնիայի անդամ երկրների տվյալների հետ:
Eurostudent-ը ստեղծվել է 1999թ.` նպատակ ունենալով աջակցել Բոլոնիայի բարեփոխումներին և նպաստել Եվրոպական Բարձրագույն Կրթական Տարածքի ստեղծմանը:
Ընդհանուր առմամբ, կոնսորցիումի աշխատանքներին կմասնակցի 30-ից ավելի երկիր։ Eurostudent ծրագրին մասնակցելու հրավեր են ստացել նաև Խորհրդային Միության նախկին այն երկրները, որոնք պատրաստ են ժամանակակից գիտելիքահեն հասարակարգում բարելավել բարձրագույն կրթության ընդհանուր մակարդակը և այն հասանելի դարձնել հասարակության տարբեր խավերի ուսանողների համար:
Eurostudent նախագիծն իրականացվելու է 2012-2015 թթ., իսկ դրանից հետո կարող է շարունակվել կողմերի համաձայնության դեպքում:
Eurostudent նախագծի հինգերորդ կոնսորցիումին մեր երկրի մասնակցության համար կձևավորվի ազգային թիմ, որը, ըստ արդեն հաստատված ժամանակացույցի, կապահովի ծրագրի արդյունավետ իրականացումը:
ՀՀ կրթության և գիտության նախարարության մասնակցությունը Eurostudent հինգերորդ կոնսորցիումի աշխատանքներին հնարավորություն կընձեռի ստեղծել ուսանողների մշտադիտարկման չափելի մեխանիզմներ և գործիքներ, ինչպես նաև կապահովի ՀՀ բարձրագույն կրթության միջազգայնացման շրջանակի ընդլայնումը և ակտիվ համագործակցությունը Բոլոնիայի պայմանագիրը ստորագրած այլ անդամակից երկրների հետ:









