Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի համալսարանական կլինիկայի պրոֆեսորը բարձր է գնահատել հայ բժիշկների աշխատանքը
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Հայաստան է հրավիրվել Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի պլաստիկ վերականգնողական վիրաբուժության և այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերը: Գերմանացի պրոֆեսորն այսօր եղել է Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոնում, որտեղ վերջինս բարձր գնահատեց հայ բժիշկների կատարած աշխատանքը, մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի տուժվածներին օգնություն ցույց տալու հարցում:
«Ընդհանրապես, բժշկական աշխարհում ընդունված է համատեղ կոնսիլիումներ, փորձի փոխանակում անցկացնելը, որպեսզի բուժումը լինի մաքսիմալ արդյունավետ: Մեր բժիշկների հետ համատեղ նա կպլանավորի հիվանդների հետագա բուժումը և վարման կարգը: Կան հիվանդներ, որոնք երկարատև և խիստ մասնագիտացված բուժման կարիք ունեն»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:
Ըստ Հարություն Քուշկյանի՝ բավական դրական փոփոխություններ կան, գերմանացի բժիշկն այցելելու է բոլոր հիվանդներին, կատարելու է անհրաժեշտ բոլոր միջամտությունները:
Նշենք, որ ըստ նախնական պայմանավորվածության, գերմանացի մասնագետը Հայաստանում կլինի 2 օր, սակայն եթե նրա կարիքը հայ բժիշկները զգան, վերջինս ավելի շատ կմնա Հաաստանում:
Գերմանացի պրոֆեսոր Ադրիան Դայգլերը լրագրողների հետ զրույցում ասել է, որ այստեղ տեսել է երկու ծանր դեպք, որոնց դեպքում, հավանաբար, անհրաժեշտ կլինի վիրահատություն իրականացնել։ Կան նաև թեթև դեպքեր: Պրոֆեսորը լինելու է նաև այլ հիվանդանոցներում, զննելու է բոլոր հիվանդներին, և անելու է առաջարկություններ նրանց բուժման առնչությամբ:
«Եթե հանկարծ անհրաժեշտ լինի օգնություն կամ բուժում Գերմանիայում, ապա մենք պատրաստ ենք, ես առաջարկում եմ իմ օգնությունը, թեև այստեղ իսկապես լավ մասնագետներ կան»,- ասաց Ադրիան Դայգլերը:









