Գերմանիայում ձերբակալվել է հարսանյաց նվերների սերիական գողը
Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է 48-ամյա մի տղամարդու, ով 5 տարի շարունակ գողություն է կատարել եկեղեցիների ու հարսանյաց սրահների մոտ կայանված ավտոմեքենաներից:
Ինչպես գրում է The Local-ը, գողը խոստովանել է, որ առանձնահատուկ հետաքրքրություն է տածում այն մեքենաների հանդեպ, որոնք կայանված են եկեղեցիների ու ռեստորանների մոտ:
Ոստիկանության տվյալներով` տղամարդուն 5 տարվա ընթացքում հաջողվել է գողանալ մեծ թվով թանկարժեք իրեր, որոնց ընդհանուր արժեքը մոտ 120.000 եվրո է: Տղամարդու տնից այդքան իրերը դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել 3 ոչ մեծ բեռնատար:
Իրերի թվում եղել են հագուստեղեն, բջջային հեռախոսներ, տեսախցիկներ, պայուսակներ ու դրամապանակներ, նույնիսկ` 20.000 եվրո կանխիկ գումար:









