Սերժ Սարգսյանն առաջիկա 5 տարիներին դարձավ դրության տերը. Պարույր Հայրիկյան

14:01 • 16.05.12

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը, լրագրողների հետ հանդիպմանը խոսելով այն մասին, թե ՀՀ բոլոր երեք նախագահներն ինչ են ստացել ԱԺ ընտրություններից, ասաց, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններով ՀՀ գործող նախագահը դարձավ իրադրության տերը առաջիկա 5 տարիներին:


«Սերժ Սարգսյանն առաջիկա 5 տարիներում, դարձավ դրության տերը` անհատապես»,- այսօր ասաց Պարույր Հայրիկյանը՝ ավելացնելով, որ հենց խորհրդարանական ընտրություններն էլ ամրապնդեցին գործող նախագահի դիրքերը:
Խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին՝ նա ասաց. «Մեկ այլ անհատ, ով երազում էր չդառնալ երիտասարդ թոշակառու, հասկացավ, որ ամենից լավ տեղն իր համար թոշակառու լինելն է: Հիշում եք, չէ՞, որ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ չի պատրաստվում դառնալ երիտասարդ թոշակառու»։


Պարույր Հայրիկյանն անդրադարձավ նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին. «Նա հասկացավ, որ իր երգը երգված է, կամ, ավելի ճիշտ, իր պարը պարված է»:


«Լևոն Տեր-Պետրոսյանի հարցով մի փոքր բան կա, որ գոհունակությամբ պետք է արձանագրել. անձամբ ես ներդրում եմ ունեցել՝ ԱԺ-ում ներկայանալու համար կիսով չափ կրճատել այն, ինչ Տեր-Պետրոսյանը կարող էր ստանալ»,- ասաց Հայրիկյանն ու տեղեկացրեց, որ ինքը թռուցիկներ է տարածել՝ «Անցյալի մոռացումով՝ ապագա չես կերտի» կարգախոսով, ինչն էլ, ըստ ԱԻՄ նախագահի, օգնել է, որ Լևոն Տեր- Պետրոսյանի թիմն ավելի քիչ ձայներ ստանա:


Այս ամենը համադրելով, Հայրիկյանը նկատում է, որ նախագահական ընտրություններն այլևս ոչ մի նշանակություն չունեն. «Որովհետև պառլամենտն է որոշում ամեն ինչ, նույնիսկ նորընտիր նախագահի պաշտոնազրկումը»:
Ըստ Հայրիկյանի՝ փաստը, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը խորհրդարանում ստացավ մեծամասնություն, վկայում է, թե ով է դրության տերը:


Վերլուծելով կուսակցությունների հետընտրական դիրքերը, ԱԻՆ առաջնորդը նկատում է, որ «Ժառանգությունն» ապացուցեց, որ կայացած միավոր է, նույնը ապացուցեց և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։