Բաքուն «Եվրատեսիլ 2012»-ի օրերին ապակայունացման փորձեր կանի. ռազմական փորձագետ
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը վստահ է, որ Բաքվում «Եվրատեսիլ 2012»-ի անցկացման օրերին Ադրբեջանը սահմանի վրա իրավիճակը ապակայունացնելու փորձեր է անելու՝ հատկապես Հյուսիս–արևելյան շրջաններում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ռազմական փորձագետը:
«Մենք այսպիսի փորձ ունենք, որ եթե Ադրբեջանում են անցկացվում միջազգային միջինացումներ, ապա դրանք օգտագործվում են հակահայկական քարոզչություն իրականացնելու համար: Նրանք կրակ կբացեն ադրբեջանական գյուղերի հատվածներից, որպեսզի մենք էլ ակամա կրակ բացենք իրենց տների, բնակավայրերի ուղղությամբ»,- ասաց փորձագետը:
Ըստ նրա՝ հնարավոր սադրանքների նպատակը մեկն է լինելու, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տրվի, որ հայերը ագրեսոր են ու բարբարոս:
Փորձագետը հավելեց, որ հայկական կողմից պատասխան կրակի դեպքում ադրբեջանցիները միջազգային հանրությանը ցույց կտան իրենց «խոցված» տները: Այդ պատճառով, մեր թիրախը պետք է լինեն միայն ադրբեջանական կրակակետերը և ոչ գյուղերը:
«Ադրբեջանական հենակետերը հիմնականում կենտրոնացված են իրենց բնակավայրերի, տների մոտ, և կրակելու դեպքում մի քանի տուն վտանգի են ենթարկվում»,- այնպես որ, փորձագետը խորհուրդ է տալիս սադրանքների չտրվելով՝ պատրաստ լինել ադրբեջանական ապակայունացման փորձերին:
Դավիթ Ջամալյանը ճիշտ է համարում, որ Հայաստանը չի մասնակցում «Եվրատեսիլին»՝ ավելորդ համարելով այս հարցի շուրջ քննարկումները:
«Մենք ապրում ենք մի երկրի կողքին, որտեղ հայատյացությունը պաթոլոգիական մակարդակի է հասել և այն իրականացվում և ղեկավարվում է պետության կողմից: Այո, մենք չենք մասնակցում, որովհետև նրանք կրակ են բացում մեր մանկապարտեզների ուղղությամբ»,- ասաց Դավիթ Ջամալյանը: Նա նաև կարծիք հայտնեց, որ Հայաստանը չմասնակցելով «Եվրատեսիլին»՝ Եվրոպայի ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռում է ԼՂՀ հակամարտության հարցի վրա:









