Հայաստանում առաջին անգամ կանցկացվի հայկական թոնրին նվիրված փառատոն
Այս տարի առաջին անգամ Հայաստանում կանցկացվի թոնրատոն, որը նվիրված է հայկական ավանդական թոնրին. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը:
«Տոնը անցկացնելու ենք Սևանի տարածաշրջանի Ծաղկունք գյուղում: Այն կանցկացվի երկու օր: Առաջին գիշերը Արագածի վրա կրակ է վառվելու, որից հետո այդ կրակը տանելու են Ծաղկունք գյուղ և վառելու են թոնիրը: Կլինեն նավասարդյան խաղեր և թոնրի մեջ ու վրա պատրաստվող բոլոր կերակրատեսակների ցուցահանդես-համտես»,- ասաց Սեդրակ Մամուլյանը:
Տեղեկացնենք, որ տոնի անցկացման համար ընտրվել է հայկական Նավասարդի օրը՝ օգոստոսի 11-ը:
Սեդրակ Մամուլյանը նաև նշեց, որ շատ է կարևորում հայկական թոնրի գաղափարը, որն անհրաժեշտ է պահպանել, քանի դեռ մեր հարևան երկրները չեն յուրացրել այն։
Բացի այս փառատոնից, կանցկացվեն ևս երեք փառատոներ, որոնք կազմակերպվել են նաև նախորդ տարիներին:
Այսպես, հուլիսի 11-ին կլինի տոլմայի փառատոն՝ Սարդարապատում, սեպտեմբեր 8-ին տեղի կունենա խորովածի փառատոն՝ Ախթալայում և հոկտեմբերի 6-ին կլինի գինետոնը, որի ժամանակ կներկայացվեն նաև ազգային ուտեստներ:










