Հայաստանում արդեն 4-րդ անգամ կնշվի տոնածիսական կերակուրների ցուցահանդես-համտես
Ազգային խոհանոցը մեծ դերակատարություն ունի տուրիզմի զարգացման գործում. այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը:
«Ցանկացած երկիր, ուր գնում ենք, մեզ մոտ տպավորվում է տեսողական ինֆորմացիան և քիմքի զգացողությունը: Իսկ ամենից ուշը մենք մոռանում ենք հենց քիմքի զգացողությունը: Այսինքն, խոհանոցը հստակ իր տեղն ու դերակատարությունն ունի: Այդ պատճառով, մեր կազմակերպությունը նախաձեռնեց մեր ազգային ուտեստներին նվիրված մի շարք փառատոններ»,- տեղեկացրեց Սեդրակ Մամուլյանը:
Վերջինս նշեց, որ կազմակերպությունն արդեն 4-րդ անգամ նշելու է տոնածիսական կերակուրների ցուցահանդես-համտեսը, ինչի օրն ու վայրն անփոփոխ են՝ հունիսի 12-ին Էրեբունի վարչական շրջանի հրապարակում:
«Փառատոնի ընթացքում ցուցադրվում են այն բոլոր ուտեստները, որոնք դրվում են մեր սեղաններին՝ եկեղեցական տոների ժամանակ, դրանց մեջ են մտնում նաև ժողովրդական ծեսերին մատուցվող ուտեստները: Մենք այս տարի տոնին հրավիրելու ենք նաև հարևան և ոչ հարևան երկրներին, ինչպես նաև, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ մասնակցելու փառատոնին և ներկայացնելու իրենց ծիսական ուտեստները»,-տեղեկացրեց Ս.Մամուլյանը:
Խոհարար Մամուլյանը վստահեցրեց, որ Հայաստան ժամանած բոլոր զբոսաշրջիկներին մենք կարող ենք ներկայացնել «մի հզոր ու յուրահատուկ խոհանոց»:
«Մեր խոհանոցը ամենաբազմազան ու համեղ խոհանոցներից մեկն է: Մեր ազգը ժամանակին ունեցել է լավ մշակված սննդի համակարգ՝ 365 օրվա համար: Ունենք ուտեստներ, որոնց մասին հասարակության լայն շերտերը տեղեկացված չեն»,-ասաց նա և նկատեց, որ չնայած հայկական խոհանոցի բազմազանությանը՝ Հայաստան եկող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտադիր համտեսում է տոլմա և խորոված:










