Գագիկ Շամշյանը գիշերն անցկացրել է Ս.Հարության տաճարում. օր 3-րդ (լուսանկարներ)
Մայիսի 15-ի լույս16-ի գիշերը «Արարատ» հոգևոր միության և ընկերակցող ուխտավորները մնացին Ս. Հարության տաճարում:
Ինչպես Երուսաղեմից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ սովորության՝ Տաճարի դռները ամեն օր փակվում են երեկոյան ժամը 21:00-ին և հայերի կողմից բացվում առավոտյան ժամը 5:00–ին:
Արդեն ներսում Հոգեշնորհ Տ. Տիրան աբեղա Հակոբյանի ուղեկցությամբ և բացատրություններով ուխտավորները ծանոթացան և աղոթեցին Ս. Հարության Տաճարի սրբատեղիներում՝ Գողգոթա, Հայոց Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Վարդան, Ս. Կարապետ, Գյուտ Խաչ և այլ խորաների, ինչպես նաև Տիրոջ Ս. Գերեզմանի ներսում:
Ուխտավորները մասնակցեցին գիշերային ժամերգությանը:
Առավոտյան ժամը 5:00-ին ուխտավորները մասնակցեցին ս. Պատարագին, որը մատուցվեց անմիջապես Քրիստոսի Ս. Գերեզմանին, «Արարատ» երգչախումբը կատարեց դպրաց բաժինը:
Ս. Պատարագը մատուցեց Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի հոգևոր հովիվ Տ. Սարգիս քահանա Չոփուրյանը: Ս. Պատարագի ավարտին բոլոր ուխտավորները և ուղեկցող հոգևորականները արժանացան Ս. Հաղորդությանը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









