UNESCO-ից պատասխանել են չճանաչված պետություններում կրթության իրավունքի մասին՝ Աշոտյանի նամակին

13:16 • 16.05.12

ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ստացվել է UNESCO-ի կենտրոնակայանի կրթության հարցերով պատասխանատու պրոֆեսոր Քիան Թանգին չճանաչված պետությունների բնակչության կրթության իրավունքի ապահովման մասին ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նամակի պատասխանը:


Նամակում նախ նշվում է, որ UNESCO-ն միշտ աջակցում է Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես, բարձրագույն կրթության ոլորտում գնահատման և հավատարմագրման գործընթացներին:


Ապա, անդրադառնալով չճանաչված պետությունների ազգաբնակչության կրթության իրավունքի ապահովմանը, պարոն Քիան Թանգը հավաստիացնում է, որ կրթության ոլորտում խտրականությունների դեմ կոնվենցիայի համաձայն` UNESCOն իր լիազորությունների, ինչպես նաև ՄԱԿ -ի քաղաքականության և կանոնակարգերի շրջանակում, կուսումնասիրի իրավիճակը:


Հիշեցնենք, որ պրոֆեսոր Քիան Թանգին Արմեն Աշոտյանը նամակ էր ուղղել 2012թ. փետրվարին և նամակում կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում անդրադարձել էր չճանաչված պետությունների բնակչության կրթության իրավունքի ապահովմանը` այն դիտարկելով որպես մարդու իրավունքների անխախտելի մաս:


Իր նամակում նախարար Աշոտյանը կարևորել էր չճանաչված պետություններին կրթական ծրագրերում ներգրավելու և գործընթացին մասնակից դարձնելու հարցը:


Նամակում, մասնավորապես, նշվել էր. «Հաշվի առնելով և հիմք ընդունելով UNESCO-ի կողմից 1960թ. դեկտեմբերի 14-ին ընդունված կրթական ոլորտում խտրականությունների դեմ կոնվենցիան, և ելնելով այն հանգամանքից, որ UNESCO-ի կոնվենցիայի սկզբունքային դրույթներից մեկն է մարդու կրթության իրավունքը՝ անկախ սեռից, մաշկի գույնից և երկրի պայմաններից, որում նա բնակվում է, ակնկալում եմ Ձեր աջակցությունը այս հարցի լուծման ուղղությամբ»: