Վիկտոր Դալլաքյանը հանգստանում է և կխոսի միայն տասն օր անց

15:12 • 16.05.12

ՀՀ Ազգային ժողովի 4 գումարման պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ով Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում զբաղեցնում է 178–րդ հորիզոնականը և ամենայն հավանականությամբ այլևս չի լինի նորընտիր Ազգային ժողովում, այժմ հանգստանում է, և առաջիկա իր ծրագրերի մասին կխոսի միայն 10 օր անց։


«Ես ձեզ բազմիցս ասել եմ իմ գործելաոճի մասին, և այժմ էլ կրկնում եմ, որ դեռևս ոչինչ չեմ ասի: Ես այժմ հանգստանում եմ, տասը օրից զանգեք՝ կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»,- Tert.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց Վիկտոր Դալաքյանը:
Ի դեպ, Վիկտոր Դալլաքյանը հաճախ է ասել, թե ինքն աշխատում է լավ որսորդի նման. «Ես սպասում եմ, որ որսը դուրս գա, նոր կրակեմ»: Եվ այժմ էլ առաջնորդվելով նույն սկզբունքով, նա սպասում է, թե լրատվամիջոցներն ի՞նչ են գրելու իր մասին, որից հետո միայն կպատասխանի:


Հիշեցնենք, որ մայիսի 6-ի ընտրությունների ժամանակ մեծամասնական ընտրապայքարում Վիկտոր Դալաքյանն առաջին անգամ պարտվեց իր հարազատ Վանաձոր քաղաքում՝ անկուսակցական պատգամավորի թեկնածու Էդմոն Մարուքյանին։
Պատգամավոր չընտրվելուց հետո Դալլաքյանը դիմում-բողոք էր ներկայացրել Վանաձոր քաղաքն ընդգրկող թիվ 30 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որպեսզի արդեն ընտրատարածքում հաղթանակ տարած պատգամավորի գրանցումը համարեն անվավեր, սակայն դիմում բողոքը մերժվել էր միաձայն:


Վիկտոր Դալաքյանը վերջին շրջանում հաճախակի հայտնվեց ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ ընտրություններից օրեր առաջ համալրեց Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը: