«Երևան ջուր» ՓԲԸ-ն 80%-ից ավել ջրային կորուստներ է տալիս. Արմեն Պողոսյան
Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի խոսքով «Երևան ջուր» ՓԲԸ ջրային մեծ կորուստներ է տալիս: Այսօր ասուլիսի ժամանակ նա ասաց, որ սկզբնական շրջանում ջրային կորուստները կազմում էին 83, ապա 85 և վերջին տվյալներով՝ 82.6%:
«Դա ահավոր թիվ է, պատկերացրեք այն ջուրը, որը պետք է հասնի մեզ, դրանից 82 տոկոսը կորչում է»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ ջրի կորստի երկու պատճառ կարող է լինել՝ տեխնիկական և առևտրային: Տեխնիկականը, ըստ Պողոսյանի, «բնական պրոցեսի» արդյունք է, որի դեպքում կարող է 12-15% ջուր կորել: Նրա հավաստմամբ` առավելագույն կորուստները կարող են կազմել 64%:
Ջրային կորուստները հիմնական մասը Պողոսյանի կարծիքով տեղի է ունենում մեծ քանակությամբ ջուր օգտագործող վայրերում` ավտոլվացման կետերում, բաղնիքներում, սաունաներում և այլն:
Բացի այդ, նա տեղեկացրեց, որ պետության և «Երևան ջրի» միջև կնքված պայմանագրով նախատեսված էր, որ 2009 թվականից ջրի սակագինը 144 դրամից պետք է նվազեր մինչև 95 դրամ, սակայն այն տարեցտարի բարձրացել է:
Հիշեցնենք, որ այժմ ջրի սակագինը 174 դրամ է:









