«Երևան Ջուր»-ը աշխատանքից ազատել է 40 աշխատակցի
«Վիոլլա» ֆրանսիական ընկերության կողմից հիմնադրված «Երևան Ջուր» ընկերության կազմի մեջ մտնող «Ջրային հաշվեկշռի համակարգման և վերահսկողության» բաժինը մեկ օրում լուծարվել է տնօրինության կողմից, ինչի հետևանքով գործազուրկ է դարձել 40 աշխատակից:
Այսօր այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեցին «Ջրային հաշվեկշռի համակարգման և վերահսկողության» բաժնի տնօրեն Միքայել Դավթյանը և փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Փաստաբանի խոսքով, բաժինը հայտնաբերել է 3500 ապօրինի ջրամիացումներ և 15 հազար ակտ է կազմել, այնինչ, տնօրինությունը դրանք չեղյալ է հայտարարել:
Հարցին, թե ինչո՞ւ պետք է տնօրինությունը հրաժարվեր իր եկամուտներից, Միքայել Դավթյանն ասաց՝ իրենց գործունեությունը չարատավորելու համար:
«Իրենց ձեռնտու չէր, որ բացահայտվեն ապօրինությունները: Իսկ աշխատողները հանդգնել են ասել, որ «Վիոլլա» ընկերության տնօրենը այդքան էլ լավ չի աշխատում, փորձել են հայտնել իրենց կարծիքը և քննադատել են ընկերության տնօրենին»,- ասաց Միքայել Դավթյանը:
Իսկ Տիգրան Հայրապետյանը տեղեկացրեց.«Այն աստիճան են մեզ հետ հաշվեհարդար տեսել, որ երկու աշխատակիցներ, որոնք արձակուրդում են եղել, իրենց էլ են ազատել գործից»:
Վերջինս նաև ավելացրեց, որ աշխատակիցներին ազատելու օրը վճարել են նաև 2 ամսվա աշխատավարձը՝ ընդհանուր 50 մլն դրամ:
Տնօրինությունն աշխատակիցներին բացատրել է, թե տվյալ բաժնի լուծարումը պայմանավորված է կառուցվածքային փոփոխություններով, սակայն «Ջրային հաշվեկշռի համակարգման և վերահսկողության» բաժնի աշխատակիցները չեն համակերպվել այդ փաստի հետ և դիմել են դատարան:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքով, առաջին ատյանի դատարանը գործը քննության չի ենթարկել` ասելով, թե հարցն իրենց չի վերաբերում և տնօրինությունն իր հայեցողությամբ է բաժինը կազմալուծել:
Սակայն փաստաբանը տեղեկացրեց, որ պատրաստվում են դիմել վերաքննիչ դատարան:









