Զենք–զինամթերքի հայտնաբերման միանգամից 4 դեպք՝ մեկ օրում

14:28 • 16.05.12

Մայիսի 15-ին, ժամը 15.35-ին, մի քաղաքացի զանգահարել է ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին և հայտնել, որ զենք-զինամթերք ունի, ինչը թողնում է Պուշկինի փողոցի թիվ 43 շենքի բակում՝ աղբարկղի մոտ:
Հիշյալ վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «Կարաբին» հրացանի 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայքից:

 

Ոստիկանության լրատվական վարչության մեկ այլ հաղորդագրության համաձայն էլ նույն օրը ժամը 13.50-ին, մի քաղաքացի զանգահարել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս և հայտնել, որ Հրազդանի կիրճ տանող ճանապարհին՝ թունելում, զինամթերք է թողել:


Ոստիկանության օպերատիվ խումբը հիշյալ վայրում հայտնաբերել է ականանետային ական, ազդանշանային հրթիռ և «Կարաբին» հրացանի 7.62 մմ տրամաչափի 215 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:


Մայիսի 15-ին, ժամը 16.10-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ զինամթերք է թողնում Մամիկոնյանց փողոցի թիվ 40 շենքի հարևանությամբ գտնվող աղբարկղերի մոտ:

 


Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ վայրում հայտնաբերել է 2 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 4 պայթուցիչ, «Կարաբին» հրացանի 7.62 մմ տրամաչափի` 6, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 60 եւ 7.62 մմ տրամաչափի 51 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղղարկվել է փորձաքննության:

 

Մայիսի 15-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Սևանի բաժին է ներկայացել Սևան քաղաքի 53-ամյա մի բնակչուհի և հանձնել «Կարաբին» հրացանի 7,62 մմ տրամաչափի 91 փամփուշտ, «Ֆ-1» նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ և ինքնաձիգի պահունակ:


Նշված բոլոր դեպքերով կատարվում է հետաքննություն:

Ի պատասխան Tert.am-ի հարցին, թե հիշյալ զենք-զինամթերքի տեղի մասին հեռախոսով հայտնումը դիտարկվո՞ւմ է իբրև մեղմացուցիչ հանգամանք, ինչը հանձնողին կազատի զենք-զինամթերք պահելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունից, Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին՝ ոչ, քանի որ պատասխանատվությունից ազատվում են ներկայանալու դեպքում։