«Ժողովրդի իշխանությունը» դառնալու է կուսակցություն և Կոնգրեսից դուրս չի գա
«Ժողովրդի իշխանություն» քաղաքացիական նախաձեռնությունը եղել է, կա ու կլինի ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես»-ի մաս կազմող ուժ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության հիմնադիր Զոյա Թադևոսյանը և հավելեց, որ մտածում է ԺԻ-ն վերակազմավորելու և այն քաղաքական կուսակցություն դարձնելու մասին:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներից մեկն այսօր գրել էր, թե Զոյա Թադևոսյանն այլ քաղաքական ուժերի ղեկավարների՝ Հովհաննես Հովհաննիսյանի, Պետրոս Մակեյանի, Սոս Գիմիշյանի հետ պատրաստվում է դուրս գալ Կոնգրեսից:
Զոյա Թադևոսյանը չի համարում, որ եթե, հանկարծ, այլ կուսակցությունների ղեկավարների մասին վերոնշյալ խոսակցություններն իրականություն դառնան, ապա Կոնգրեսից հեռանալու այս «շղթայական ռեակցիան» կհանգեցնի վերջինիս փլուզման:
«Կոնգրեսի կայացման համար ամենևին էլ ինչ-որ մի թիվ պետք չէ, այսինքն՝ եթե չլինեն 18 քաղաքական ուժեր, ուրեմն Կոնգրեսը չի՞ լինի: Կոնգրեսը կարող է 3 քաղաքական ուժով էլ կայանալ, 4-ով էլ, 5-ով էլ, 2-ով էլ, 17-ով էլ, 25-ով էլ: Դրանով չի պայմանավորված Կոնգրեսի լինել-չլինելու հարցը»,- ասաց ընդդիմադիր գործիչը: Ավելին, նկատեց, թե Կոնգրեսը կարող է լինել ՀՀ ընդդիմադիր կամ պայքարող քաղաքացիների ֆորում:
Այնպես որ, Զոյա Թադևոսյանը չի պատկերացնում՝«այդ խոսակցությունները (Կոնգրեսից հեռանալու և Կոնգրեսի փլուզման մասին- Tert.am ) որտեղի՞ց են գալիս և ի՞նչ իմաստ ունեն:
«Լավ, ենթադրե՜նք, երկու կուսակցություն Կոնգրեսից դուրս եկան, ինչո՞ւ պետք է փլուզվի: Որովհետև նրանք գաղափարական հենարա՞ն էին, թե ավելի հզոր էին, քան Կոնգրեսի մնացած ուժերը միասին վերցրած»,- հարցրեց Զոյա Թադևոսյանը և ինքն էլ պատասխանեց. «Է, ենթադրենք, թե այդպես է: Ոչինչ, մյուսներն էլ կհզորանան կամ էդպես ոչ հզոր կգոյատևեն»:
Չնայած Կոնգրեսից հեռացած առաջնորդներին միայն շնորհակալություն է ասվել՝ անցած ճանապարհի համար, իսկ ապագայի համար էլ՝ բարի երթ, սակայն Կոնգրեսի համակիրները, անդամները Facebook սոցիալական կայքում բավական կոպիտ բառեր են գործածում պոտենցիալ հեռացողների հետևից: Ընդհուպ մինչև «թսիկներ» կամ մարդիկ, որոնց «սպասում է Ալբերտ Բազեյանի ճակատագիրը»:
Հակառակ կողմի համակիրներն էլ հակադարձում են, թե դաշինքները հավերժ չեն, և մարդիկ մի օր հեռանալու են, հետևաբար, ի՞նչ է նշանակում գնացողներին դավաճանի որակումներ տալը:
Զոյա Թադևոսյանը նման կոշտ ձևակերպումները չի ընդունում, սակայն մարդկայնորեն հասկանում է:
«Ես միշտ ուզում եմ հասկանալ մարդկանց, ովքեր հավատ են կորցնում: Մարդիկ հավատացել են Կոնգրեսին և նրանց համար ծանր է էսօր ՀԱԿ-ից մեկ-երկու կուսակցության հեռանալը: Նրանք իրենց հավատը կապել են ոչ թե Կոնգրես վերացական գաղափարի, այլ Կոնգրեսի մաս կազմող բոլոր քաղաքական ուժերի հետ, և որքան այդ մաս կազմող ուժերը ավելի համախմբված էին ու միասնական, այդքան այդ հավատը մեծ էր»,- ասաց Զոյա Թադևոսյանը:
Որպես ամփոփում նա նշեց. «Գնահատականներ են, ոչինչ, մարդիկ պայքարել են, կորուստներ ունեցել՝ նյութական, բարոյական ծախսեր, այդ ամենի համար մարդիկ բարկանում են»:









