Մինչև որ դուք ընդեղ հավատում եք, որ փոխեք, մենք ստեղ համախմբվել ենք, որ հեղափոխենք. ՀՏ Հայկոյի նոր՝ AntiSystem տեսահոլովակը
Համացանցում տարածվել է ռեփ երգիչ ՀՏ Հայկոյի նոր՝ AntiSystem (Հակահամակարգ) վերնագրված տեսահոլովակը, որը հիմնականում ներկայիս համակարգի դեմ ուղղված քննադատություն է և դրանում շոշափվում են վերջերս հասարակական միապաղաղությունը խախտած քաղաքացիական պայքարի այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Մաշտոցի պուրակի և Բրյուսովի համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակները։
«Համբերատար ենք՝ գլուխներս կախ, համբերատար ենք, թաքցնում ենք վախ, կարանք անենք էսօր, թողնում ենք վաղը, մեր հոգին թաղած ա, բայց հլը սաղ ա...», «Մինչև որ դուք ընդեղ հավատում եք, որ փոխեք, մենք ստեղ համախմբվել ենք, որ հեղափոխենք...», «Էստեղ հացի խնդիր չի, էստեղ մեր բոլորիս խնդիրն ա...», «Ֆինանսական էլիտան մեզ սարքել ա զոմբի, բայց մեկը չկա, որ ֆինանսական բուրգը բոմբի...», «Մերոնք Մաշտոցի պուրակում ասեցին ու արեցին, մնացած քաղաքական ֆընդըֆլուշկեն կապ չունի...», «Ոնց որ բրյուսովցիք են թափ տալիս կրթական համակարգը, թող իմանան ազատության վարձը ավելի թանկ ա...», «Էկել ա ապոկալիպսիսը ձեր համար..., շրջում ենք էջը, հակառակ հին սիստեմի դեմ նոր անտիսիստեմն ա ու էդ սիստեմը մերն ա...». ահա այսպիսի մտքեր են հնչում համացանցում արդեն բավական մեծ քննարկում առաջացրած տեսահոլովակում։
Երկու օրվա ընթացքում «ՀՏ Փրոդաքշնի» YouTube–ի էջում տեսահոլովակն արդեն հասցրել է դիտվել ավելի քան 8000 անգամ, ինչը Հայաստանի պարագայում բավական բարձր ցուցանիշ է։










