Ի՞նչ ճակատագիր է սպասվում ԲՀԿ–ին կոալիցիա մտնելու դեպքում ըստ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի
Ըստ քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոալիցիա կազմելու դեպքում տուժելու է մի քանի պատճառներով: Այսօր ասուլիսի ժամանակ նա նշեց, որ պատճառներից մեկն այն է, որ կոալիցիայի մեջ մտնելու դեպքում, այն հասարակության գիտակցության մեջ կասոցացվի «Օրինաց երկիր» կուսակցության հետ:
«ԲՀԿ-ն հասարակության գիտակցության մակարդակի մեջ իջնում է ՕԵԿ-ի մակարդակին: Բացի այդ, մարդիկ ԲՀԿ-ին ձայն տվեցին, քանի որ ԲՀԿ-ն այլընտրանքային ուժ էր հանդես գալիս: Գագիկ Ծառուկյանի կերպարի հետևից գնացողները ձայն տվեցին, քանի որ նա Արթուր Բաղդասարյան չէ: Եթե լինի կոալիցիա, այն ընտրազանգվածը կվերանա, որը նրան դիտարկում էր որպես այլընտրանք ՀՀԿ-ին»,- ասաց քաղտեխնոլոգը:
ԲՀԿ-ն, կոալիցիա կազմելու դեպքում, Բադալյանի կարծիքով, 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ այն ռեսուրսները չի ունենա, որպեսզի կարողանա ապահովել ընտրազանգված:
«Անկախ իր կոալիցիա մտնելու համար բերած պատճառներից՝ ԲՀԿ-ն տուժելու է, ՀՀԿ-ն շահելու է»,-ասաց քաղաքագետը:
Նրա կարծիքով ԲՀԿ-ի` կոալիցիա չմտնելու դեպքում, նրան սպասվում է երկու ճակատագիր: Առաջինն այն է, որ մեխանիկորեն դառնալու է ընդդիմություն։ «Բայց եթե մնա նույն որակով, որպես կառույց՝ էլի թուլանում է: Եթե որակապես փոխվի, ապա ապագայում զարգանալու հնարավորություն ունի»,-ասաց Բադալյանը:
Ըստ էության, նրա խոսքով, ՀՀԿ-ն կոալիցիա կազմելու անհրաժեշտություն չունի, քանի որ խորհրդարանում արդեն ունի 75 մանդատ` նկատի ունենալով նաև «Օրինաց երկրի» մանդատները:
«Երբ ասում ենք հանրապետական, ՕԵԿ-ն էլ հետն է: Երբ ասում ենք Մուրադ՝ Արուսն է հետն է, նույնն էլ հանրապետականն է: Նրանց տեսականորեն պետք չի կոալիցիա»,-ասաց քաղտեխնոլոգը:









