Ընտրությունների արդյունքների վրա ազդեց նաև ընտրակեղծիքների բուրգը. Արմեն Բադալյան

18:45 • 17.05.12

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում ոչ միայն ընտրակաշառքը իր ազդեցությունն ունեցավ ընտրությունների արդյունքների վրա, այլև, իր բնորոշմամբ, ընտրակեղծիքների բուրգը:

 

«Ճիշտ չէ ասել, որ ընտրությունները միայն ընտրակաշառքով են որոշվել, այլ նաև ընտրակեղծիքների բուրգով, որի մեջ են մտել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը, համատիրությունները տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան կառույցները, ընտրական հանձնաժողովների անդամները»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց նա:

 

Արմեն Բադալյանի խոսքով՝ ընտրակեղծարար այդ բուրգը սկսեց աշխատել դեռ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Այդ բուրգը, ըստ նրա, կաշխատի նաև 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ: Եթե անգամ իր թեկնածությունը առաջադրի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ապա «այդ բուրգը միևնույն է աշխատելու է նրա օգտին, ով հիմա նստած է Բաղրամյան 26-ում»:

 

«Չի աշխատի մի դեպքում, երբ որ Արևմուտքը կամ Ռուսաստանը կպարտադրի, որ չաշխատի»,- ասաց քաղտեխնոլոգը:

Ըստ նրա՝ «Բարգավաճ Հայաստանի» կոալիցիա մտնելու կամ չմտնելու դեպքում բուրգը իր գործառույթը, միևնույն է, կիրականացնի:

«Կմտնի, թե չի մտնի ԲՀԿ-ն կոալիցիա, դա հարց չի լուծի նախագահական ընտրությունների ժամանակ, քանի որ այդ ընտրակեղծարար բուրգը նորից աշխատելու է»,- ասաց Բադալյանը:

 

Նրա կարծիքով՝ ընդդիմությունը միացյալ ուժերով ևս չի կարող հասնել հեղաշրջման, եթե անգամ արաբական երկրների սցենարով փողոց դուրս գա:

 

«Եթե անգամ միանան ընդդիմադիր ուժերը և եթե ընտրեն փողոցային հեղափոխության տարբերակը, դարձյալ արդյունքի չեն հասնի:
Ինչքան էլ դուրս գան փողոց, եթե չկա դրսի ուժը աջակցությունը, չի լինի հեղափոխություն»,- նկատեց Բադալյանը:

 

Քաղտեխնոլոգի խոսքով՝ եթե անգամ լինի որևէ ուժ, ապա ժողովրդի համար պետք է այն տեսանելի լինի, այլապես, նրա կարծիքով, մարդիկ չեն մասնակցի ընտրությունների, քանի որ այժմ նման տրամադրվածությունն է իշխում հասարակության մեջ:

Խոսելով «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի և Հայ հեղափոխական դաշնակցության հավաքած ձայներից` քաղտեխնոլոգը նշեց, որ դրանք նվազել են ոչ միայն «Բարգավաճ Հայաստանի» պատճառով, այլև անհաջող քարոզարշավի: Նրա խոսքով՝ ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանի հայտնի 30 վայրկյան հեղափոխությունը ժողովուրդը փոխարինեց 30 արծաթով: