Հայ- ռուսական հարաբերությունների ձևաչափը չի փոխվի. փորձագետներ

14:21 • 17.05.12

Հայաստանում մայիսի 6-ին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո, հայ-ռուսական հարաբերությունների ձևաչափը չի փոխվի: Այսօր կայացած «Հայաստանյան ընտրությունների արդյունքները. ռուս-հայկական երկխոսություն` նոր փո՞ւլ» թեմայով Երևան- Մոսկվա տեսակամուրջի ժամանակ նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:


Քաղաքագետի կարծիքով` հաշվի առնելով այն փաստը, որ խորհրդարան անցած կուսակցությունները կողմ չեն հայ-ռուսական հարաբերությունների ձևաչափի փոփոխությանը, Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները կմնան անփոփոխ, «ինչն ակնհայտ էր նաև ընտրություններից առաջ»:

 

«Հայաստանը Ռուսաստանի համար Հարավային Կովկասի լեռնաշղթայում նշանակալի ուժ մնալու հնարավորություն է, իսկ Ռուսաստանը Հայաստանի համար` Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ոչ այնքան լավ հարաբերությունների համատեքստում` անվտանգության անձրևանոց»,- ընդգծեց Իսկանդարյանը:

 

Իր հերթին, Կովկասի ինստիտուտի ԱՊՀ երկրների բաժնի ղեկավար Ֆելիքս Ստանևսկին կարծիք հայտնեց, որ հայաստանյան խորհրդարանական ընտրությունների արդյունքները կանխատեսելի էին:

Նրա խոսքով` երկու երկրների հարաբերություններում թեև կտրուկ փոփոխություններ չեն սպասվում, սակայն որոշ նրբերանգներ` այդ թվում պայմանավորված Սիրիայում ու Իրանում իրավիճակի զարգացմամբ կողմերի ռեակցիայով, սպասվում են:

 

«Չեմ տեսնում մի գործոն, որը կարող է սասանել ռուս-հայկական երկարատև համագործակցությունը: Սակայն որոշ նրբերանգներ հարաբերություններում կլինեն»,- հայտնեց Կովկասի ինստիտուտի ԱՊՀ երկրների բաժնի ղեկավարը: