Մոսկվայում կասեցվել է ադրբեջանցի «սև ռիելթորների» խմբի գործունեությունը

18:17 • 17.05.12

Մոսկվայում կասեցվել է մի հանցավոր խմբի գործունեություն, որի անդամները հանցավոր ճանապարհով տիրացել են միայնակ մոսկվացիների ու «խմելու նկատմամբ սեր ունեցող» անձանց բնակարաններին: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինին, բանդայի զոհ է դարձել 6 մարդ:



Հետաքննության տվյալներով` 2007 թ.-ի ապրիլին Ադրբեջանի 4 քաղաքացիներ ստեղծել են հանցավոր խումբ, որում ներգրավվել են 6 մարդու: Նրանց նպատակն է եղել  հանցավոր ճանապարհով տիրանալ միայնակ ու խմիչքի նկատմամբ սեր ունեցող անձանց բնակարաններին` հետագայում դրանք վերավաճառելու և միջոցները յուրացնելու նպատակով:


Հանցավոր խմբում բոլորն ունեցել են իրենց գործառույթները` ոմանք զբաղվել են միայնակ անձանց փնտրտուքով, ոմանք` նրանց ունեցվածքին տիրանալու, մյուսներն էլ` նրանց սպանելու հարցերով:

 

Հարուցվել է քրեական գործ` հանցավոր խումբ ստեղծելու, սպանությունների ու մարդկանց առևանգման փաստերով: