Beyazgazete թուրքական կայքը ԼՂ-ն ներառել է Հայաստանի կազմում

18:54 • 17.05.12

Թուրքական Beyazgazete լրատվական կայքը տեղադրել է վերջին հազարամյակում Եվրոպայի քարտեզի փոփոխությունների մասին անիմացիոն տեսանյութ, որտեղ Լեռնային Ղարաբաղը` որպես տարածքային միավոր, ներկայացված է Հայաստանի Հանրապետության կազմում:

 

Տեսանյութից բացի, ներկայացվում է Եվրոպա ու Ասիա մայրցամաքներում պատմական հակամարտությունների մասին կարճ ակնարկ, որտեղ խոսվում է հունահռոմեական անտիկ քաղաքակրթությանը փոխարինած քրիստոնեական մշակույթի մասին, Միջնադարի ու եվրոպական քաղաքակրթության պատմության մեջ դրա նշանակության մասին:

 

Ընդգծվում է, որ Վերածննդի դարաշրջանից հետո, այդ շրջանում իրականացված բարեփոխումների շնորհիվ, Եվրոպային հաջողվեց վերականգնել իր գերիշխող դիրքը տնտեսական, ռազմական ու տեխնոլոգիական տեսանկյուններից և նույնիսկ սկսել է իր գաղութատիրական քաղաքականությունը:


Նշվում է նաև, որ 20-րդ դարում եվրոպական երկրները ստիպված զիջեցին իրենց գերիշխող ռազմատնտեսական դիրքերը նոր պետությանը` ԱՄՆ-ին: Թուրքական լրատվամիջոցն անվանում է Եվրամիության ստեղծման պատճառները` դա միայն ԱՄՆ-ն չէ, այլև ասիական այնպիսի երկրների առաջընթացը, ինչպիսիք են` Ճապոնիան, Կորեան, Չինաստանն ու Հնդկաստանը: