Օձից խայթված երեխայի վիճակը միջին ծանրության է և կայուն. ԱՆ
Մայիսի 16-ի երեկոյան օձի խայթոցից թունավորումով Աշտարակի հիվանդանոց, այնուհետև Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոց տեղափոխված Նոր Եդեսիայի բնակիչ, 2009 թ. ծնված Ասպրամ Գինովյանի առողջական վիճակը միջին ծանրության է և կայուն: Օձը խայթել է երեխայի ոտքի թաթը:
Այս մասին Tert.am –ին հայտնեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակը՝ հավելելով նաև, որ երեխային տեղում ներարկվել է «Անտիգյուրզին»:
ԱՆ խոսնակը նշեց, որ մոտ մեկ ամիս առաջ, երբ Արագածոտնի մարզում օձի խայթոցի նման դեպք էր եղել, Առողջապահության նախարարությունը նամակով դիմել էր Արագածոտնի մարզպետարան, որտեղից հավաստիացրել էին, որ ունեն հակաթույնը: «Այսօրվա դրությամբ բոլոր բժշկական հաստատությունները, որոնք պետք է ունենային, ապահովված են»,- ասաց Շուշան Հունանյանը և հավելեց, որ վերջին դեպքի առիթով կրկին թարմացվել են բոլոր շրջաբերականները՝ կապված օձի խայթոցների հետ:
Նշվեց նաև, որ տուժած երեխային է այցելել նաև ԱՆ Մոր և մանկան առողջության վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:
Նշենք, որ Առողջապահության նախարարության «թեժ գծին» անմիջապես հաղորդվում են բոլոր օձի խայթոցների մասին դեպքերը:
Օձի խայթոցի դեպքերի վերաբերյալ առավել հաճախ ահազանգեր են ստացվում Արագածոտնի, Արարատի, Վայոց Ձորի մարզերից:
Այս տարի, ինչպես նշեց ԱՆ մամուլի քարտուղարը, օձի խայթոցից մահվան որևէ դեպք չի եղել և չի եղել նաև դեպք, երբ անտիգյուրզինի առաջացած լինի:









